ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Կ-008-18.08.2021,01.12.2021-ՏՏԳՇ-011/1)
- Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1. մասով. «19.1. Սույն օրենքի իմաստով ազդակիր բնակավայրը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով այդպիսին ճանաչված այն համայնքը կամ դրա բնակավայրն է, որի շրջակա միջավայրի վրա ազդեցություն է ունենում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռոյալթի վճարող այն կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալում լեռնահատկացմամբ սահմանված տարածքում:»:
Հիմնավորում․ Հնարավոր են դեպքեր, երբ ռոյալթի վճարող կազմակերպության գործունեությունը հավասարապես ազդի մի քանի բնակավայրերի (ներառյալ տարբեր համայնքների բնակավայրերի) վրա։ Օրինակ, սա կարող է լինել այն դեպքերում, երբ լեռնահատկացմամբ սահմանված տարածքը գտնվի տարբեր բնակավայրերից միևնույն հեռավորության վրա, կամ այդ հեռավորությունները լինեն համարյա նույնը՝ օրինակ՝ տարբերությունը կարող է կազմել 5-10%։ Նմանապես, հնարավոր է, որ լեռնահատկացմամբ սահմանված տարածքը գտնվի որևէ բնակավայրի վարչական տարածում, սակայն նրա հեռավորությունը տվյալ բնակավայրի բնակելի գոտուց լինի ավելի մեծ, քան մեկ այլ բնակավայրի (ներառյալ այլ համայնքի բնակավայրի) բնակելի գոտուց։ Ավելին, հնարավոր է, որ բնական պայմաններից ելնելով (քամու ուղղություն, գետերի հոսք և այլն) ռոյալթի վճարող ընկերության ազդեցությունը այն բնակավայրի հարևան բնակավայրերի վրա, որի վարչական տարածքում է գտնվում տվյալ ընկերությունը լինի ավելի մեծ, քան տվյալ բնակավայրի վրա։ Ուստի, առավել արդար կլինի, եթե վճարվող ռոյալթիի 50%-ը հավասարապես բաշխվի բոլոր այն բնակավայրերի միջև, անկախ համայնքից, որոնց շրջակա միջավայրի վրա ազդում է ռոյալթի վճարող ընկերությունը։
Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցությունի չի հանդիսանալու ռոյալթից մասհանման շահառու լինելու իրավասությունը, ապա հասկանալի չէ, թե ինչու է համայնքներին մասհանում կատարվում միայն ռոյալթիից, այլ ոչ թե համայնքի վարչական սահմանում գտնվող այլ առևտրային կազմակերպություններից գանձվող այլ հարկատեսակներից։
- Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ
6.«Յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով այնպես, որ համայնքային մասհանման 50 տոկոսը բաշխվի ազդակիր բնակավայր(եր)ի միջեւ հավասարաչափ, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվի Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջեւ, որոնց կազմում չկան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-րդ մասով սահմանված ազդակիր բնակավայր(եր)՝ այլ ռոյալթի վճարողներից,
Հիմնավորում․ Տարբեր ազդակիր բնակավայրեր տարբեր ընկերություններից արդեն ստանում են ռոյալթիից իրենց մասնաբաժինը։ Արդար կլինի, որ երկրում վճարվող ռոյալթիների 2%-ի մյուս 50%-ը բաշխվի այն համայնքների միջև, որոնց կազմում չկան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-րդ մասով սահմանված ազդակիր բնակավայր(եր)։
- Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
«Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող այն գումարներ են, որոնք հանդիսանում են նպատակային միջոցներ «Տեղական ինքնակառավարաման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի 14-րդ պարտադիր խնդիրների լուծման ուղղությամբ»։
Հիմնավորում․ Քանի որ Հայաստանում ռոյալթի վճարողներ են համարվում՝
- ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.
- ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.
- ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց,
իսկ այլ առևտրային կազմակերպություններից վերոնշյալ ընկերությունների հիմնական տարբերակիչ հատկանիշներից մեկը կայանում է նրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ապա տրամաբանական է ստացված միջոցներն ուղղել համայնքներում շրջակա միջավայրի պահպանությունը։
- Նախագծի 2-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
«Համայնքներին բաշխված համայնքային մասհանումների մասով շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախագիծը և Ծրագրի փոփոխությունները մշակվում են համայնքի ղեկավարի կողմից՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին:»։
- Նախագծի 4-րդ շարադրել նոր խմբագրությամբ ․
«Օրենքի 34-րդ հոդված 21 մասում «սուբվենցիաների» բառից հետո ավելացնել․ «սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների» բառերը»։
Հիմնավորում․ Առաջարկվող խմբագրությամբ սահմանվում է, որ կառավարությունը վերահսկողություն է իրականացնում նաև սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների օգտագործման նկատմամբ։
- Նախագծի 5-րդ հոդվածը հանել։
Հիմնավորում․ Սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումները մուտքագրվում են համայնքի բյուջե, որի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվում է։ Առանձին հաշվետվության իմաստ չեմ տեսնում։ Քանի որ սուբվենցիաների, պետական գույքի մասնավորեցումից սույն օրենքի համաձայն համայնքի բյուջե մասհանված գումարների, պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման նպատակով տրված միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվության առանձին ձևաչափ նախատեսված չէ, իմաստ չկա մասնահանումների օգտագործման առանձին ձևաչափ սահմանել։
- Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասը հանել։
Հիմնավորում․ Սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումները մուտքագրվում են համայնքի բյուջե և համայնքն է որոշում «Տեղական ինքնակառավարաման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի 14-րդ պարտադիր խնդիրների լուծման շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները։