ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նարիբեկյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-127-29.12.2021-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Նախագծի 5-րդ հոդվածում սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 4-րդ կետի՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումների համատեքստում՝ անհրաժեշտ է վերանայել Նախագծի 5-րդ հոդվածը, այն դիտարկելով բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող՝ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու անժամկետ լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակման իրավաչափության համատեքստում, հաշվի առնելով նաև այդ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ իրենց անժամկետ լիցենզիաների առնչությամբ ունեցած լեգիտիմ ակնկալիքները:
Միաժամանակ, Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումներն առաջարկում ենք նախատեսել եզրափակիչ դրույթների տեսքով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում է նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչպես նաև «պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո» բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ