<<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-222-31.03.2022-ՏՏԳՇ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿ

1.     Նախագծի առաջին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով վերջինիս ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:

  1. Նախագծի երկրորդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Եթե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով միավորված համայնքի ավագանու առաջին նիստը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում են, ապա տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով վերջինիս ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը::

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն առաջարկի նպատակը տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդի քվեարկության նկատմամբ հարգանքի պահպանումն է: Սույն առաջարկի ընդունման դեպքում ՀՀ վարչապետը պետք է տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով վերջինիս ներկայացուցչին նշանակի համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, ինչը հիմանվորվում է նրանով, որ համայնքի բնակիչները իրենց իսկ ընտրությամբ արդեն իսկ որոշել են, թե որ քաղաքական ուժին վստահել համայնքի կառավարումը, այդ թվում` մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նման մոտեցումը կլուծի նախագծի սկզբնական տարբերակով բարձրացված խնդիրը, ընդ որում` առաջարկը խիստ համահունչ է ժողովրդավարական և ազատ ընտրությունների արդյունքների նկատմամբ պետական հարգանքի դրսևորմանը և օրինականության սկզբունքին: Հակառակ դեպքում ստացվում է, որ նախագծով առաջարկվող փոփոխությամբ իշխանությունը չի հարգում ժողովրդի ազատ կամահայտնությամբ դրսևորված ՏԻՄ ձևավորումը` գործնականում դառնալով կառավարության կողմից ՏԻՄ զավթելու օրենքով սահմանված մեխանիզմ: