Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «արժեքը» բառից հետո ավելացնել. «Ընդ որում դատարանը հողամասի հարկադիր կարգով վաճառքի կամ պետական կամ համայնքային սեփականության վերածվելու հարցը վճռելիս հաշվի է առնում նախկին սեփականատիրոջ ցանկությունը:» նախադասությունը:
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1 կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1 կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Սույն կարգավորումը հնարավորություն կտա անձին իրացնելու օրենքով իրեն վերապահված իրավունքը, բացառելով այլ անձանց կողմից անձի սեփականության իրավունքին անհամաչափ միջամտությունը: