ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (Կ-361-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածում՝ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածում լրացնել դրույթ առ այն, որ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները ենթակա չեն հաշվառման:
2. Առաջարկում ենք նախագծի 7-րդ հոդվածում՝ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 33-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում փոխկապակցված անձանց շրջանակից հանել «պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները» բառերը: Նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական և ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձ» հասկացությունն ավելի լայն է և իրենում ներառում է սերտ հարաբերություններ ունեցող ազգականների շրջանակը, և հետևաբար առավել ճիշտ է արտացոլում կարգավորման նպատակը:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ