ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ձեզ ենք ներկայացնում «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-466-12.12.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:     
Առաջարկություններին կից ներկայացվում է լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները:     

 «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական որոշակիության սկզբունքն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք օրենքի նախագծի 8-րդ հոդվածի առաջին մասում «կազմակերպություններ» բառից առաջ հանել «այլ» բառը: Համանման փոփոխություններ առաջարկում ենք կատարել նաև օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 12,13,14,17,21,29 մասերում, ինչպես նաև 14-րդ հոդվածի 11-րդ մասում:
  2. Իմպերատիվ պահանջ չսահմանելու նպատակով՝ առաջարկում ենք նախագծի 11-րդ հոդվածի 18-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների համաձայնությամբ կարող է օգտագործել վերջիններիս հատկացված (ամրացված) կամ օգտագործման հանձնված շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները»:

  1. Նախագծի 14-րդ հոդվածի 13-րդ մասից հանել «այլ համապատասխան իրավական ակտերով» բառերը, հաշվի առնելով, որ ծառայության պետի լիազորությունները այլ իրավական ակտերով նախատեսված չեն:
  2. Հաշվի առնելով 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ ըստ որի՝ ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության անձնակազմի թվաքանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը և կառուցվածքը, ինչպես նաև՝  ծառայության պետը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդարական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատման է ներկայացնում ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջները, անհրաժեշտ է ժամկետները ճշգրիտ պահպանելու տրամաբանության շրջանակներում օրենքի նախագծի 42-րդ հոդվածի 2-րդ մասում  «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց» բառերը փոխարինել  «ծառայության պետի նշանակումից» բառերով:
  3. Նախագծի 43-րդ հոդվածում ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը նախատեսվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո: Սակայն հարկ է նշել, որ ծառայողի առաջին ատեստավորումը պետք է կատարվի պաշտոնի նշանակվելուց 12 ամիս հետո, ուստի անհրաժեշտ է «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց» բառերը փոխարինել «համապատասխան պաշտոնի նշանակվելուց» բառերով:

Միաժամանակ Նախագծի 10-րդ հոդվածը կրկնվում է երկու անգամ: Անհրաժեշտ է նախագծում առկա երկրորդ 10-րդ հոդվածը համարակալել որպես 11-րդ հոդված, հետևաբար հաջորդող հոդվածները համարակալել համապատասխան թվանշաններով:

 ««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  

  1. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «և փոփոխություն» բառերը՝ հաշվի առնելով, որ նախագծում կատարվում են միայն լրացումներ:
  2. 2. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասը հաշվի առնելով՝ «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝«1.1» մասով. «1.1 Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Արտաքին հետախուզության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգևատրում է Վարչապետը:»:

Հարգանքով՝             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ