ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի փետրվարի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-469-13.12.2022,30.01.2023-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:
Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) 8.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:
Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ