ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-025-20.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
11 |
ՀՀ կառավարություն |
Նախագիծ |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ օրենքի նախագիծ) նախատեսվում է սահմանել քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործով վարույթին անգործունակ ճանաչվող քաղաքացու պարտադիր մասնակցության պահանջ այն դեպքում, եթե քաղաքացու մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար կամ քաղաքացու առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստին նրա մասնակցությանը: Իսկ այն դեպքում, եթե դատարանում դատական նիստին քաղաքացու մասնակցությունը վտանգ է ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար կամ քաղաքացու առողջական վիճակը խոչընդոտում է դատական նիստին նրա մասնակցությունը, գործը պետք է քննվի քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում` հոգեբուժական հաստատությունում: Օրենքի նախագծի վերաբերյալ. 1) անգործունակ ճանաչվող անձի` արդար դատաքննության կոնվենցիոն իրավունքի ապահովման, ինչպես նաև վերջինիս հոգեկան վիճակի մասին դատարանի կողմից սեփական պատկերացումը կազմելու տեսանկյունից դատական նիստին անգործունակ ճանաչվող անձի պարտադիր մասնակցության անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Դրա մասին է վկայում նաև խնդրո առարկա գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատական պրակտիկան: Միևնույն ժամանակ, ելնելով անգործունակ ճանաչվող անձի իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունից, հարկ է նկատի ունենալ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող կարգավորումները, համաձայն որոնց` անձին անգործունակ ճանաչելու գործերով վարույթներին պարտադիր պետք է մասնակցի ոչ միայն խնամակալության և հոգաբարձության մարմինը և անգործունակ ճանաչվող անձը, այլև վերջինիս փաստաբանը: Նախագծով նախատեսվում են նաև նշված վարույթներով փաստաբանի պարտադիր մասնակցությունն ապահովող համապատասխան երաշխիքներ` Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2015 թվականի ապրիլի 7-ի N ՍԴՈ-1197 որոշմամբ արձանագրել է, որ անհրաժեշտ է ապահովել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց լսվելու իրավունքը և երաշխավորել ամբողջ դատավարության ընթացքում փաստաբանի մասնակցությունը: Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը ևս մի շարք գործերի շրջանակներում արձանագրել է անձին անգործունակ ճանաչելու գործերով հոգեկան խանգարում ունեցող անձ` անձամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչի միջոցով լսվելու իրավունքը: Ավելին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1991 թվականի N 46/119 բանաձևով ընդունված` հոգեկան հիվանդություններով տառապող անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման սկզբունքով ևս երաշխավորվում է այն անձին փաստաբանի միջոցով ներկայացնելու իրավունքը, ում գործունակությունը հանդիսանում է դատական քննության առարկա: Ուստի, հաշվի առնելով քննարկվող հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիրքորոշումները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, առաջարկում ենք, որպես անգործունակ ճանաչվող անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք, օրենքի նախագծում նախատեսել անձին անգործունակ ճանաչելու գործերով այդ անձի փաստաբանի պարտադիր մասնակցության վերաբերյալ համապատասխան կարգավորումներ. 2) օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվող «խոչընդոտում է դատական նիստին նրա մասնակցությունը» ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ «գործը քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում` հոգեբուժական հաստատությունում, քննելը» չի համարվում դատական նիստում գործի քննություն, մինչդեռ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքին, երբ դատական նիստն իրականացվում է արտագնա` դատական նիստերի դահլիճից դուրս: Հաշվի առնելով շարադրվածը` առաջարկում ենք օրենքի նախագծով սահմանել այնպիսի ձևակերպում, որից հստակ կբխի, որ գործի քննությունը բոլոր դեպքերում կատարվում է դատական նիստում. 3) առաջարկում ենք օրենքի նախագծում օգտագործվող «քաղաքացու գտնվելու վայր» բառերը փոխարինել «բնակության վայր» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` օրենքի նախագծով ներկայացված ձևակերպումը կիրառելի է ոչ թե ֆիզիկական, այլ իրավաբանական անձանց նկատմամբ. 4) առաջարկվող կարգավորումների համատեքստում հարց է ծագում, թե ինչ ընթացակարգով և ինչ չափանիշների հիման վրա է դատարանը որոշելու` արդյոք անձի մասնակցությունը դատական նիստին վտանգ է ներկայացնում վերջինիս կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, թե` ոչ: Այս առումով ներկայացված նորմը հստակեցման կարիք ունի. 5) անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունքը նաև այդ քաղաքացուն վերապահելու դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի ապրիլի 7-ի N ՍԴՈ-1197 որոշման լույսի ներքո առկա օրենսդրական բացը լրացնելու նպատակով օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այդուհանդերձ, թեև օրենքի նախագծով սահմանվում է անգործունակ ճանաչված անձի` գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունքը, սակայն բացակայում են անգործունակ ճանաչված անձանց գործունակ ճանաչելու առնչությամբ պարբերաբար վերանայման մեխանիզմներ նախատեսող կարգավորումներ: Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ՄԻԵԴ-ի Միխայլենկոն ընդդեմ Ուկրաինայի գործով 2013 թվականի օգոստոսի 30-ի որոշումը, որի շրջանակներում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ներպետական օրենսդրությամբ անգործունակ ճանաչված անձանց գործերի` դատարանի կողմից պարբերական վերանայման կարգ նախատեսված չլինելը հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Անգործունակ ճանաչված անձանց գործերով պարբերաբար վերանայման ինստիտուտի առկայության անհրաժեշտությունն ընդգծվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանությանն առնչվող սկզբունքների մասին» 1999 թվականի փետրվարի 23-ի R(99)4 հանձնարարականով: Առաջարկում ենք օրենքի նախագծում նախատեսել անգործունակ ճանաչված անձանց գործունակ ճանաչելու գործերի պարբերաբար վերանայման մեխանիզմներ: Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ այն, որ անգործունակ ճանաչված անձանց իրենց գործունակ ճանաչելու դիմումներն անձամբ ներկայացնելու իրավունքի վերապահումը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության դատարանների ներկայիս ծանրաբեռնվածության պայմաններում անգործունակ ճանաչված անձանց կողմից բազմաթիվ անհիմն դիմումներ ներկայացնելու վտանգի տեսանկյունից: |
|