ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կամավոր աշխատանքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին», «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-558-10.04.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «սույն մասի 2-րդ կետով սահմանված անձանց կողմից» բառերը։
Սույն առաջարկի ներկայացնումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.
Կամավոր աշխատանքի ինքնաբուխ դրսևորումները չխոչընդոտելու և անկանխատեսելի իրավիճակներում կամ միանգամյա, ոչ մշտական բնույթի միջոցառումներում (ակցիաներում) մեծաքանակ կամավորների մասնակցությամբ միջոցառումների իրականացման համար հնարավորություն ընձեռելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նաև «կամավոր աշխատանքի» հասկացության սահմանումը, և կամավոր աշխատանքը չկապել միայն կամավորի կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվող աշխատանքի հետ։ Առաջարկվող փոփոխության արդյունքում կնախատեսվի ուղղակի, որ կամավոր աշխատանք է համարվելու կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, նախագծով առաջարկվող օրենքին համապատասխան կատարվող աշխատանքը։
2. Նախագծի 17-րդ հոդվածում առաջարկվում է՝
1) վերնագրից հանել «օրենքով սահմանված» բառերը,
2) 1-ին մասի «օրենքով» բառից առաջ լրացնել ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»» բառերով։
Սույն կետի առաջարկները ներկայացվում են՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն այն համատեքստում, որպեսզի հղումը համապատասխան օրենքին հստակ նշվի։
3. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «հատուցվում են» բառերից հետո լրացնել «կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կարգով՝» բառերը։
Սույն առաջարկն ունի հստակեցնող և որոշակիացնող նշանակություն, որի իրացման արդյունքում՝ առանձին դեպքերում կամավոր աշխատանքի մասին պայմանագրերով կնախատեսվեն, թե ոնց և ում միջոցների հաշվին են օտարերկրյա գործուղումների դեպքերում կատարվելու կամավորների ծախսերի հատուցումները։
4. Նախագծի 20-րդ և 21-րդ հոդվածներում ևս անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝
1.Նախագծի 20-րդ հոդվածն առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերի) ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պարտադիր բժշկական զննության պարտականությունը կամավորի համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։»։
2. Նախագծի 21-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասից և 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում:»։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետն առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. վերնագրում և 1-ին մասում «իր աշխատողի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով սահմանված կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի ներգրավված կամավորի» բառերով։
Առաջարկը չընդունելու պարագայում կստացվեր, որ Քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածում կատարվող լրացման քաղաքացին էլ է հանդիսանալու կամավոր աշխատանքում կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող անձ, ինչը կհակասի «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի կարգավորումներին։ Նշվածով պայմանավորված է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետը լրամշակելու սույն առաջարկությունը։
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ