ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-597-26.05.2023,12.06.2023-ՏՀ-011/1) օրենքի նախագծի վերաբերյալ
- Նախագծով առաջարկվող աղյուսակ «գ.»-ում 10-րդ կետի 5-րդ սյունյակի «16100» թիվը փոխարինել «16800»-ով, 6-րդ սյունյակի «17700»-ը՝ «19300»-ով և 7-րդ սյունյակի «19500»-ը՝ «22200»-ով։
- Նախագծով առաջարկվող աղյուսակ «գ.»-ում 14-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ․ 5-րդ սյունյակի «3400» թիվը փոխարինել «5600»-ով, 6-րդ սյունյակի «3750»-ը՝ «10100»-ով և 7-րդ սյունյակի «4150»-ը՝ «18200»-ով։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ներկայացված առաջարկները ուղղված են ավանդական և տաքացվող ծխախոտի ակզիզային հարկի ավելի բարձր դրույքաչափեր սահմանելուն՝ հետևյալ հիմնավորմամբ․
1․ Ծխախոտային արտադրատեսակների համար նախատեսված ակցիզային հարկի դրույթաչափերի բարձրացմումը նպատակ ունի ծխախոտի արտադրանքի գների բարձրացման ճանապարհով կրճատել ծխախոտի հասանելիությունը, բարձրացնել ծխախոտի դեմ պայքարի արդյունավետությունն առհասարակ, ինչպես նաև պետական բյուջեի համար ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ։ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվեցիայի 6-րդ հոդվածով ևս նախատեսվում է բարձրացնել ծխախոտի հարկերը` ծխախոտային արտադրատեսակների մատչելիությունը նվազեցնելու նպատակով: Հարկ է նշել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իրականացումը հիմնվում է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝
- Ծխախոտի արդյունավետ հարկերը զգալիորեն կրճատում են ծխախոտի օգտագործումը և դրա տարածումը․
- Եկամուտի կարևոր աղբյուր են հանդիսանում
- Տնտեսապես արդյունավետ են։
Մեծամասամբ ծխախոտի հարկի բարձրացումը համընկնում է գնի բարձրացման հետ, որն էլ իր հերթին կրճատում է դրա օգտագործումը և տարածումը, և որպես հետևանք՝ հիվանդացության և մահվան դեպքերը[1]։ ԱՀԿ-ն առաջարկում է, որ հարկերը կազմեն ծխախոտային արտադրանքի մանրածախ գնի առնվազն 75%, ներառյալ առնվազն 70% ակցիզային հարկը, և որ հարկերի դրույքաչափերը կանոնավոր կերպով վերահսկվեն և ավելացվեն, որպեսզի ծխախոտային արտադրանքը ժամանակի ընթացքում ավելի մատչելի չդառնա (օրինակ՝ եկամտի աճի պատճառով):
Ծխախոտի օգտագործման և ծխախոտի իրական հարկի միջև կապը, որպես կանոն, ոչ առաձգական է, այսինքն՝ սպառումը նվազում է ավելի փոքր համամասնությամբ, քան իրական գների աճը։ Այս կապը որոշվում է պահանջարկի գնային առաձգականությամբ, օրինակ՝ եթե պահանջարկի գնային առաձգականությունը -0,5 է, ապա 10% գնի բարձրացումը կնվազեցնի սպառումը 5%-ով[2]: Ծխախոտի հարկերի բարձրացումը էականորեն ազդում է երիտասարդության շրջանում դրա օգտագործման և տարածման վրա, ինչպես նաև կնվազեցնի վերջիններիս կողմից դրանց փորձարկումը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հարկերի և գնի բարձրացումը հանգեցնում են ծխախոտի օգտագործման կրճատմանը ցածր եկամուտ ունեցող անձանց շրջանում կամ այն երկրներում, որտեղ ծխախոտ օգտագործողները ավելի շատ են արձագանքում գների բարձրացմանը՝ դրանով իսկ նպաստելով առողջապահական անհավասարության դեմ պայքարին[3]։
Ծխախոտի հարկի բարձրացումը սովորաբար հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների ավելացմանը։ Քանի որ ծխախոտային արտադրատեսակները գնային առումով առաձգական չեն, կարելի է ենթադրել, որ հարկերի դրույքաչափերը համամասնորեն ավելի շատ կբարձրանան, քան սպառումը կնվազի, իսկ դա նշանակում է, որ հարկերի բարձրացման արդյունքում կավելանան եկամուտները[4]։
Երկրների ընդհանուր թիվը, որոնք բարձրացրել են ծխախոտի ամենավաճառվող ապրանքանիշի գնի ծխախոտի հարկերը մինչև 75% (կամ ավելի), 2020թ․ դրությամբ թվով 40 են[5]։ Առողջապահական օգուտներից բացի, ծխախոտի հարկերը երկրորդական հավելյալ արժեք ունեն, քանի որ ավելացնում են պետական եկամուտները: ԱՀԿ-ի համաշխարհային հաշվարկների համաձայն, եթե հարկերը մեկ տուփի համար ավելացվեն 50%-ով, կառավարությունները կվաստակեն հավելյալ 101 մլրդ ԱՄՆ դոլար։ Նման միջոցները կարող են ուղղվել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և այլ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին[6]։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ հարկերի բարձրացումը կարող է ավելացնել ծխախոտի ապօրինի շրջանառության ծավալը, ապա այս առումով հարկ է նշել, որ այն պետությունները որոնք արդյունավետորեն բարձրացրել են ծխախոտի հարկերը, գրանցել են եկամտի ավելացում՝ առանց ապօրինի շրջանառության ավելացմանը /Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվեցիայի 6-րդ հոդվածի իրականացման ուղեցույց, էջ 5/[7]։
Փորձը ցույց է տալիս, որ ապօրինի առևտուրը կարող է վերահսկվել արդյունավետ հարկային վարչարարության միջոցով, մաքսային հսկողության և իրավապահ մարմինների հզորացմամբ, իրավախախտումների համար պատժամիջոցների խստացմամբ: Այս առումով, հարկ է նշել, որ ծխախոտի դեմ պայաքարում օրենսդրական առավել խիստ կարգավորումները նվազեցնում են ծխախոտային արտադրատեսակների սպառումը, նույնիսկ ապօրինի շրջանառության պարագայում[8]։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023թ.-ի տվյալների՝ ծխախոտի օգտագործման տարածվածությունը ՀՀ-ում հանդիսանում է ամենաբարձրներից Եվրոպական տարածաշրջանում (26.7%): Տարածաշրջանի երկրներից ավելի բարձր մակարդակ գրանցվում է Վրաստանում՝ 29.7%, ՌԴ-ում՝ 28.3%, Թուքիայում՝ 29.3%, ցուցանիշն ավելի ցածր է Ադերբեջանում՝ 19.6% և Իրանում՝ 14.0%[9]:
2․ Ինչ վերաբերում է տաքացվող ծխախոտին, ապա ծխախոտային ընկերությունները ագրեսիվորեն շուկա են հանում ՏԾ-ները որպես նվազեցված ռիսկի արտադրանք։ Արդյունքում դրանց սպառումը ավելանում է՝ ծխող չհանդիսացող դեռահասների և երիտասարդների շրջանում: Մինչդեռ, նիկոտինից բացի, էլեկտրոնային ծխախոտները պարունակում են քիմիական լուծիչներ, որոնք քաղցկեղածին են։ Վնասակար են նույնիսկ նիկոտին չպարունակող հեղուկները, քանզի դրանք սովորաբար պարունակում են տարբեր հավելումներ, բուրավետիչներ և քիմիական նյութեր, որոնք կարող են թունավոր ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Մի շարք հետազոտությունների համաձայն՝ էլեկտրոնային սիգարետների ամենօրյա օգտագործումը կրկնապատկում է սրտի կաթվածի վտանգը։ Ավելին, դրանք առաջացնում են նիկոտինային կախվածություն՝ հատկապես թիրախավորելով երեխաներին և դեռահասներին։ Նիկոտինի առաքման էլեկտրոնային համակարգերի օգտագործման արդյունքում ավանդական ծխախոտին անցնելու հավանականությունը 2-3 անգամ մեծ է[10]։
2019-2020թթ․ ԱՄՆ-ի ՀՎԿ-ի տվյալների համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտի և վեյփերի օգտագործման հետևանքով գրանցվել է թոքերի ախտահարման 2807 դեպք՝ 60 մահացու ելքով[11]։ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվեցիայի 6-րդ հոդվածի իրականացման ուղեցույցում ընդգծում է «պետությունների կողմից այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք ուղղված են ծխախոտային ցանկացած արտադրատեսակի օգտագործումը սկսելու և խթանելու դեմ, ինչպես նաև դրանց օգտագործման կրճատմանը և դադարեցմանը աջակցելուն[12]։ Քանի որ ծխախոտի ձողիկները, պարկուճները և ծխախոտը տաքացնելու համար օգտագործվող սարքերը հաճախ վաճառվում են առանձին՝ տարբեր ապրանքանիշերի ներքո, կարևոր է, որ Կողմերը պատշաճ վերահսկողություն իրականացնեն և ծխախոտի դեմ պայքարի իրենց միջոցառումների շրջանակում ներառեն նաև այդ ապրանքատեսակները[13]։։
Վերը նշվածը հաշվի առնելով, առաջարկվել է ակցիզային հարկի ավելի բարձր դրույքաչափեր կիրառել՝ ՀՀ կողմից որդեգրված ծխախոտի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու համար, ծխախոտային արտադրատեսակների հասանելությունը դեռահասների մոտ նվազեցնելուն, ոչ վարակիչ հիվանդությունների թիվը նվազեցնելուն, պետական բյուջեի եկամուտներն ավելացնելուն։
[1] https://fctc.who.int/publications/m/item/price-and-tax-measures-to-reduce-the-demand-for-tobacco
[2] https://fctc.who.int/publications/m/item/price-and-tax-measures-to-reduce-the-demand-for-tobacco
[3] https://fctc.who.int/publications/m/item/price-and-tax-measures-to-reduce-the-demand-for-tobacco
[4] https://fctc.who.int/publications/m/item/price-and-tax-measures-to-reduce-the-demand-for-tobacco
[5] WHO report on global tobacco report 2021, https://www.who.int/publications/i/item/9789240032095, page 87։
[6] https://www.who.int/europe/activities/promoting-taxation-on-tobacco-products․
[7] https://fctc.who.int/publications/m/item/price-and-tax-measures-to-reduce-the-demand-for-tobacco
[8] https://www.tobaccofreekids.org/assets/global/pdfs/ru/Illicit_trade_basic_facts_ru.pdf
[9] https://worldpopulationreview.com/country-rankings/smoking-rates-by-country
[10] WHO report on global tobacco report 2021, https://www.who.int/publications/i/item/9789240032095․
[11] Outbreak of lung injury associated with the use of e-cigarette, or vaping, products. In: Smoking and Tobacco Use [website]. Atlanta, GA: Centers for Disease Control; 2020․ https://www.cdc.gov/tobacco/basic_ information/e-cigarettes/severe-lung-disease.html․
[12] Информационный листок ВОЗ об изделиях из нагреваемого табака (ИНТ) http://www.who.int/tobacco/publications/prod_regulation/heated-tobacco-products/en/
[13] https://www.fctc.org/wp-content/uploads/2018/09/FCACOP8Brief_HTPs_RU.pdf