ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-599-26.05.2023-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին հղում կատարելիս նշվում է վերջինիս լրիվ անվանումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Հետևաբար առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42» բառերը հանել: Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42» բառերը հանել.»:
Առաջարկում ենք վերանայել նաև նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը:

 

Հարգանքով՝                                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ