ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

     Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-589-22.05.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                           
           «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝        
          1.        «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև` Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) լրիվ անվանման հիշատակումից «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը:
          2.       Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի համարը վերնագրի տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանաված պահանջը:  
          3.       Նախագծում հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 2-րդ մասում «Քրեակատարողական ծառայողն» ձևակերպումը փոխարինել «քրեակատարողական ծառայողն» ձևակերպմամբ՝ հիմք ընդունելով Օրենքում և Նախագծում կիրառվող ձևը: Նույն դիտարկումը վերաբերելի նաև Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 3-րդ մասում կիրառված «Քրեակատարողական ծառայությունում» ձևակերպմանը, որն առաջարկում ենք փոխարինել «քրեակատարողական ծառայությունում» ձևակերպմամբ:       
          4.       Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը սահմանում է հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` քրեակատարողական ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում քրեակատարողական ծառայողների ատեստավորման ենթակա չլինելու կանոնը: Մինչդեռ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ՝ արդյոք նշված դեպքերում ծառայողը պահպանում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու ձեռք բերած իրավունքը: Հետևաբար առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 20.1-ին հոդվածի 3-րդ մասում «ենթակա չեն,» բառերից հետո լրացնել «իսկ ատեստավորված ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները,» բառերը: 
          5.       Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությամբ նշված է, որ այդ դրույթում նշված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում սահմանվում են ինչպես հղիության և ծննդաբերության, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողների, այնպես էլ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողների ատեստավորման վերաբերյալ կարգավորումներ: Ընդ որում՝ նշված դեպքերում ատեստավորման համար սահմանված են տարբեր ժամկետներ, մասնավորապես՝ ծառայության անցնելուց երեք ամիս հետո և երկու ամիս հետո, մինչդեռ քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ նշվում է կատարված միայն եռամսյա ժամկետի վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությամբ կիրառված են «Սույն մասով նախատեսված ծառայողներ» բառերը՝ նշենք, որ այն տարածվում է ոչ միայն նորմի առաջին, այլև երրորդ նախադասությամբ նշված դեպքերի վրա: Հետևաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասության նույն դրույթով նախատեսված քրեակատարողական ծառայողների ատեստավորման համար դիմելու ժամկետի սկզբի մասին նշումը՝ հաշվի առնելով նաև երկամսյա ժամկետը: Ըստ այդմ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասության «: Սույն մասով նախատեսված ծառայողներ» բառերը փախարինել «և» շաղկապով:    
          6.       Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին  մասով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ցուցումներ» բառից հետո նախատեսվում է լրացնել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված որոշումների վերանայման արդյունքում կայացնում է որոշումներ,» բառերը: Նշված լրացման արդյունքում Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին  մասի 3-րդ կետում կկիրառվի երկու միմյանց հաջորդող ստորակետներ: Հետևաբար առաջարկում ենք քննարկվող լրացումը կատարել ոչ թե «ցուցումներ» բառից հետո, այլ «ցուցումներ,» բառից և կետադրական նշանից հետո:  
          7.       Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:     
          8.       Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «սույն օրենքի 20.1-ին հոդվածով» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «սույն օրենքն»՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, բաղկացած է 7 հոդվածներից և չունի 20.1-ին հոդված:       
          «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝    
          1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի նախագծով նախատեսվում է կատարել լրացումներ և փոփոխություն:    
          2. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջում նախատեսվում է «փրկարարական ծառայողներին» բառերից հետո լրացնել «և քրեակատարողական ծառայողներին» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված է «փրկարարական ծառայողների» բառերը, ուստի առաջարկում ենք այն համապատասխանեցել օրենքի ձևակերպմանը, ինչպես նաև նշված կետը վերանայել կետադրական նշանների տեսանկյունից: 
          3. Առաջարկում ենք հանել նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:», ինչպես նաև համարակալումը:

           Հարգանքով՝                                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ