ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-639-14.07.2023,08.09.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Հաշվի առնելով, որ սույն թվականի մայիսի 3-ին ընդունվել և հուլիսի 31-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ
աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածում նախատեսվել է փոփոխություն,
համաձայն որի գործատուի և աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխության ենթարկել նաև «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու և Ծառայությունում աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության նկատառումներով:
Ըստ այդմ առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր 12-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
5․ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը»։
Առաջարկում ենք նաև վերանայել նախագծի հոդվածների համարակալումը:
2. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «14-րդ» բառերը փախարինել «15-րդ» բառերով՝ հաշվի առնելով նախագծում համարակալման փոփոխությունը:
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-6391-14.07.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ առաջարկություններ չունենք:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ