ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

 

  1. Նախագծի Հոդված 1-ի «օտարումը» բառից հետո լրացնել հետևյալ «, եթե այդ տրանսպորտային միջոցները արտադրվել են ոչ ուշ, քան դրանց ձեռք բերման պահից հինգ տարին» բառերը:

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Ներկայացված առաջարկը նպատակ ունի խրախուսելու այնպիսի էլեկտրական տրանսպորտային միջոցների ներկրումը, որոնք դեռևս չեն սպառել իրենց էլեկտրական մարտկոցների ռեսուրսը, որը սովորաբար գնահատվում է մինչև 10 տարի, սակայն ավտոարտադրողները սովորաբար իրենց մարտկոցների համար տալիս են 5-8 տարվա երաշխիք:

Տարիների ընթացքում մարտկոցների հզորությունների նվազեցմանը զուգահեռ մի կողմից ավելանում է լիցքավորման ժամանակահատվածը, մյուս կողմից արդեն լիցքավորված մարտկոցներով ավելի քիչ ճանապարhահատված է հնարավոր լինում անցնել:

Առավել հին էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ խնդիր է առաջանում նաև նրա հետ, որ առավել հրատապ է դառնալու մարտկոցների վերամշակման կամ անվտանգ վնասազերծման հարցը:  Այս պահին ՀՀ-ում չկան ո՛չ էլեկտրոնային մարտկոցների անվտանգ վնասազերծման, ո՛չ մարտկոցների վերամշակման կարողություններ, որն էլ իր հերթին խնդիրներ է ստեղծում պաշտոնական ավտոմեքենա ներմուծողների կողմից էլեկտրական մեքենաների ներմուծման համար: 

Ամբողջ աշխարհում էլեկտրական շարժունակության անցման համար կիրառվում են տարբեր խրախուսական միջոցառումներ, սակայն այն հիմնականում օգտագործվում է նոր մեքենաների համար, որը երաշխավորում է, երկրները օգտագործում են տեխնոլոգիական առաջընթացի ողջ ներուժը, օպտիմալացնում բնապահպանական օգուտները և խթանում էլեկտրական մեքենաների զարգացած և կայուն շուկան:

Նոր մեքենաներին հարկային արտոնություններ տալու հիմնավորումներն են.

  1. Ապահովել տեխնոլոգիական առաջընթացը, նորագույն մոդելները տեխնոլոգիապես ավելի կատարյալ են, անվտանգ և արդյունավետ,
  2. Ապահովել առավել ցածր ածխածնային հետք՝ էներգոարդյունավետության բարձրացման շնորհիվ, քանի որ հին էլեկտրոմեքենաների խթանումը կարող է խոչընդոտել արտանետումների նվազեցման ընդհանուր նպատակների ապահովմանը: Չնայած էլեկտրոմոբիլները բնապահպանական տեսակետից ավելի մաքուր են քան ներքին այրման շարժիչով մեքենաները, այնուամենայնիվ հին էլեկտրոմոբիլները զիջում են առավել նորերին իրենց բնապահպանական ցուցանիշների առումով,
  3. Հին էլեկտրոմեքենաների մարտկոցների քայքայում, որի շնորհիվ մի կողմից նվազում է մեկ լիցքավորմամբ վարման տարածությունը և մյուս կողմից ավելանում լիցքավորման ժամանակահատվածը՝ զբաղեցնելով առանց այն էլ դեռևս ոչ բավարար քանակով առկա լիցքավորման կայանները,
  4. Հին էլեկտրոմոբիլների ներմուծման խթանումը կարող է առաջ բերել մարտկոցների փոխարինման անհրաժեշտություն՝ մի կողմից ստեղծելով մեծ ծախսեր մեքենաների սեփականատերերի համար, մյուս կողմից էլ ավելացնելով մարտկոցների անվտանգ վնասազերծման համար անհրաժեշտ կարողությունները,
  5. Հին էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները կարող է հանգեցնել շուկայի աղավաղումների, անհավասարակշռություն առաջացնել առաջարկի և պահանջարկի մեջ՝ խթանելով ավելի մեծ քանակի ներմուծումներ և բարձրացնելով հին էլեկտրական մոդելների գները: Այս աղավաղումները կարող են խանգարել պաշտոնական դիլերներին մուտք գործել շուկա և դրանով իսկ նվազեցնելով էլեկտրական շարժունակության ցուցանիշների ապահովումը,
  6. Հին էլեկտրական մեքենաների արտոնությունները կարող է հետ պահել սպառողներին նոր մեքենաներ ձեռք բերելուց՝ պոտենցիալ նվազեցնելով ենթակառուցվածքի զարգացման համար շուկայի խաղացողների կողմից ներդրումների ծավալը: Նոր էլեկտրոմոբիլների առաջնահերթությունը ապահովում է շարունակական ներդրումներ լիցքավորման ենթակառուցվածքում՝ դարձնելով էլեկտրոմոբիլների օգտագործումը ավելի հարմար օգտագործողների համար,
  7. Հարկային արտոնությունները սովորաբար նախատեսված են նաև նոր տեխնոլոգիաների օգտագործումը խթանելու համար:

 

Եզրափակելով, կարևոր է թիրախավորել աջակցությունը հիմնականում նոր էլեկտրական մեքենաների համար՝ առավելագույնի հասցնելու տեխնոլոգիական առաջընթացը, օպտիմալացնելու բնապահպանական օգուտները և խթանելու կայուն և մրցունակ էլեկտրական շարժունակության շուկան: Այս մոտեցումը երաշխավորում է, որ ոչ միայն նվազեցվում են արտանետումները, այլև խրախուսվում նորարարությունը, բարձրացվում անվտանգությունը և սպառողներին տրամադրում արդյունավետ և էկոլոգիապես մաքուր տարբերակները էլեկտրական շարժունակության անցնելու համար:

 

Նշված մոտեցումը համահունչ է նաև ՀՀ հարկային օրենսգրքի 171 հոդվածով սահմանված բնապահպանական հարկի գաղափարին, ըստ որի շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների հարկի օբյեկտ է հանդիսանում նաև 5 տարուց ավելի հին թողարկման ավտոմեքենաները[1]:

 

 

 

[1] https://www.arlis.am/documentview.aspx?docid=177027