ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
- Նախագծի Հոդված 1-ի «օտարումը» բառից հետո լրացնել հետևյալ «, եթե այդ տրանսպորտային միջոցները արտադրվել են ոչ ուշ, քան դրանց ձեռք բերման պահից հինգ տարին» բառերը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ներկայացված առաջարկը նպատակ ունի խրախուսելու այնպիսի էլեկտրական տրանսպորտային միջոցների ներկրումը, որոնք դեռևս չեն սպառել իրենց էլեկտրական մարտկոցների ռեսուրսը, որը սովորաբար գնահատվում է մինչև 10 տարի, սակայն ավտոարտադրողները սովորաբար իրենց մարտկոցների համար տալիս են 5-8 տարվա երաշխիք:
Տարիների ընթացքում մարտկոցների հզորությունների նվազեցմանը զուգահեռ մի կողմից ավելանում է լիցքավորման ժամանակահատվածը, մյուս կողմից արդեն լիցքավորված մարտկոցներով ավելի քիչ ճանապարhահատված է հնարավոր լինում անցնել:
Առավել հին էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ խնդիր է առաջանում նաև նրա հետ, որ առավել հրատապ է դառնալու մարտկոցների վերամշակման կամ անվտանգ վնասազերծման հարցը: Այս պահին ՀՀ-ում չկան ո՛չ էլեկտրոնային մարտկոցների անվտանգ վնասազերծման, ո՛չ մարտկոցների վերամշակման կարողություններ, որն էլ իր հերթին խնդիրներ է ստեղծում պաշտոնական ավտոմեքենա ներմուծողների կողմից էլեկտրական մեքենաների ներմուծման համար:
Ամբողջ աշխարհում էլեկտրական շարժունակության անցման համար կիրառվում են տարբեր խրախուսական միջոցառումներ, սակայն այն հիմնականում օգտագործվում է նոր մեքենաների համար, որը երաշխավորում է, երկրները օգտագործում են տեխնոլոգիական առաջընթացի ողջ ներուժը, օպտիմալացնում բնապահպանական օգուտները և խթանում էլեկտրական մեքենաների զարգացած և կայուն շուկան:
Նոր մեքենաներին հարկային արտոնություններ տալու հիմնավորումներն են.
- Ապահովել տեխնոլոգիական առաջընթացը, նորագույն մոդելները տեխնոլոգիապես ավելի կատարյալ են, անվտանգ և արդյունավետ,
- Ապահովել առավել ցածր ածխածնային հետք՝ էներգոարդյունավետության բարձրացման շնորհիվ, քանի որ հին էլեկտրոմեքենաների խթանումը կարող է խոչընդոտել արտանետումների նվազեցման ընդհանուր նպատակների ապահովմանը: Չնայած էլեկտրոմոբիլները բնապահպանական տեսակետից ավելի մաքուր են քան ներքին այրման շարժիչով մեքենաները, այնուամենայնիվ հին էլեկտրոմոբիլները զիջում են առավել նորերին իրենց բնապահպանական ցուցանիշների առումով,
- Հին էլեկտրոմեքենաների մարտկոցների քայքայում, որի շնորհիվ մի կողմից նվազում է մեկ լիցքավորմամբ վարման տարածությունը և մյուս կողմից ավելանում լիցքավորման ժամանակահատվածը՝ զբաղեցնելով առանց այն էլ դեռևս ոչ բավարար քանակով առկա լիցքավորման կայանները,
- Հին էլեկտրոմոբիլների ներմուծման խթանումը կարող է առաջ բերել մարտկոցների փոխարինման անհրաժեշտություն՝ մի կողմից ստեղծելով մեծ ծախսեր մեքենաների սեփականատերերի համար, մյուս կողմից էլ ավելացնելով մարտկոցների անվտանգ վնասազերծման համար անհրաժեշտ կարողությունները,
- Հին էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները կարող է հանգեցնել շուկայի աղավաղումների, անհավասարակշռություն առաջացնել առաջարկի և պահանջարկի մեջ՝ խթանելով ավելի մեծ քանակի ներմուծումներ և բարձրացնելով հին էլեկտրական մոդելների գները: Այս աղավաղումները կարող են խանգարել պաշտոնական դիլերներին մուտք գործել շուկա և դրանով իսկ նվազեցնելով էլեկտրական շարժունակության ցուցանիշների ապահովումը,
- Հին էլեկտրական մեքենաների արտոնությունները կարող է հետ պահել սպառողներին նոր մեքենաներ ձեռք բերելուց՝ պոտենցիալ նվազեցնելով ենթակառուցվածքի զարգացման համար շուկայի խաղացողների կողմից ներդրումների ծավալը: Նոր էլեկտրոմոբիլների առաջնահերթությունը ապահովում է շարունակական ներդրումներ լիցքավորման ենթակառուցվածքում՝ դարձնելով էլեկտրոմոբիլների օգտագործումը ավելի հարմար օգտագործողների համար,
- Հարկային արտոնությունները սովորաբար նախատեսված են նաև նոր տեխնոլոգիաների օգտագործումը խթանելու համար:
Եզրափակելով, կարևոր է թիրախավորել աջակցությունը հիմնականում նոր էլեկտրական մեքենաների համար՝ առավելագույնի հասցնելու տեխնոլոգիական առաջընթացը, օպտիմալացնելու բնապահպանական օգուտները և խթանելու կայուն և մրցունակ էլեկտրական շարժունակության շուկան: Այս մոտեցումը երաշխավորում է, որ ոչ միայն նվազեցվում են արտանետումները, այլև խրախուսվում նորարարությունը, բարձրացվում անվտանգությունը և սպառողներին տրամադրում արդյունավետ և էկոլոգիապես մաքուր տարբերակները էլեկտրական շարժունակության անցնելու համար:
Նշված մոտեցումը համահունչ է նաև ՀՀ հարկային օրենսգրքի 171 հոդվածով սահմանված բնապահպանական հարկի գաղափարին, ըստ որի շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների հարկի օբյեկտ է հանդիսանում նաև 5 տարուց ավելի հին թողարկման ավտոմեքենաները[1]:
[1] https://www.arlis.am/documentview.aspx?docid=177027