ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-830-23.04.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                 
1. Նախագծի 1-ին հոդվածում «Հոդված 1» բառից և թվից հետո լրացնել «․» կետադրական նշանը։                           
2. Նախագծի 2-րդ հոդվածում «Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ նախադասությունը:» նախադասությունն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:» նախադասությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 
1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.    
2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.     
3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.        
4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:    
3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 13-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի «Ընտրողների նախնական ցուցակը» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «2. » թիվն և կետադրական նշանը:         
4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ սահմանվում է ընտրողների վերջնական ցուցակում առկա տեղեկությունների սպառիչ ցանկը, սակայն նոր խմբագրությունը չի անդրադառնում ընտրողների նախնական ցուցակում ընդգրկվող տեղեկությունների ցանկին, ուստի իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է Նախագծով հստակեցնել նաև ընտրողների նախնական ցուցակում ընդգրկվող տեղեկությունների ցանկը։   
Ըստ այդմ նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում «վերջնական» բառից առաջ առաջարկում ենք լրացնել  «նախնական և» բառերը, «ցուցակը» բառը փոխարինել «ցուցակները» բառով, իսկ «պարունակի» բառը՝ «պարունակեն» բառով՝ նախադասության շարադասության հստակեցման նպատակով։