«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-115-16.08.2017-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ`
- Նախագծի ընդունումը կհանգեցնի նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակի իրականացմանը, եթե առաջարկության ընդունման արդյունքում նվազեն դեղերի գները: Այս առումով, կարծում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգամանքը, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում դեղերի գները կնվազեն: Ավելին, ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում բարձր շահույթներ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտները չեն նվազեցնում ապրանքների գները կամ նվազեցնում են չնչին չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակակից շուկայավարման պայմաններում չի կարող ուղղակի ստիպել տնտեսվարողներին նվազեցնելու գները:
Արդյունքում, նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ: Հետևաբար, դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում դեղերի գների նվազեցում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը՝ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազման, ինչպես նաև հարկվող շրջանառությունների հսկման մեխանիզմների թուլացման:
- Գտնում ենք, որ առաջարկության ընդունումը չի հանգեցնի դեղերի գների էական նվազման՝ հաշվի առնելով նաև այն, որ`
1) ներմուծվող դեղերը շարունակվելու են հարկվել ավելացված արժեքի հարկով, ինչը նշանակում է, որ հետագա իրացման փուլում դեղերի գները չեն կարող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին համարժեք նվազել: Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու դեպքում դեղեր ներմուծող տնտեսվարող սուբյեկտներն իրավունք չեն ունենալու օգտվել սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցելու իրավունքից, որի արդյունքում ավելացված արժեքի հարկի նշված գումարները դառնալու են դեղերի ինքնարժեքի տարր.
2) դեղերի արտադրության ընթացքում արտադրողների կողմից իրականացվում են ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա ձեռքբերումներ մասնավորապես` էլեկտրաէներգիա, սարքավորումներ և այլն, ինչը նույնպես նշանակում է, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու դեպքում դեղեր արտադրող տնտեսվարող սուբյեկտներն իրավունք չեն ունենալու օգտվել մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվանցելու իրավունքից, որի արդյունքում ավելացված արժեքի հարկի նշված գումարները դառնալու են դեղերի ինքնարժեքի տարր: Արդյունքում, դեղերի իրացման փուլում դեղերի գները չեն կարող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին համարժեք նվազել:
- Ցանկացած հարկային արտոնության սահմանումը մշտապես ուղեկցվում է ոչ միայն հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկերով, այլ նաև հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման: Հաշվի առնելով այդ հանգամանքը, գտնում ենք, որ ցանկացած նոր հարկային արտոնության սահմանման առաջարկությունը պետք է ուղեկցվի համապատասխան վերլուծություններով և հաշվարկներով, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ հետևանքներ և ինչ արդյունքներ է տալու նման առաջարկության ընդունումը: Մասնավորապես, գտնում ենք, որ դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնություն սահմանելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել ծախսեր-օգուտներ վերլուծություն՝ գնահատելու համար արտոնության սահմանման արդյունքում պետության կրած կորուստները և արտոնության հնարավոր շահառուների օգուտները:
Նշվածի անհրաժեշտությունն առավել քան երբևէ կարևորվում է ներկա տնտեսական պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների յուրաքանչյուր միավորի զիջումն առնվազն պետք է լինի առավելագույնս թիրախային, ինչպես նաև նպաստի տնտեսական աճին և հեռանկարային աճի կայուն հիմքերի ապահովմանը:
Անհրաժեշտ է նաև նշել, որ առաջարկության ընդունման դեպքում, եթե ենթադրենք, որ այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ դեղերի գների նվազեցում, ապա այդ պարագայում դրանից կօգտվի նաև հասարակության գնողունակ հատվածը: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հաշվին ավելացվում են արդեն իսկ սոցիալական առումով ապահովված անձանց տնօրինվող եկամուտները: Այս առումով հայտնում ենք, որ առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման և նշված ռեսուրսների թիրախային օգտագործման անհրաժեշտությունն առավել քան կարևոր է և այդ առումով իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե համատարած հարկային արտոնությունների տրամադրմանը, այլ հարկերի հավաքագրման պոտենցիալն ավելացնելուն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի միջոցով հասարակության սոցիալապես առավել խոցելի խավերին աջակցություն տրամադրելուն: Թերևս նշված նպատակադրումն իրագործելու անհրաժեշտությամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է միայն այնպիսի հարկային արտոնությունների տրամադրմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճ:
Ինչ վերաբերում է դեղերի մասով հասարակության սոցիալապես առավել խոցելի խավերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից աջակցություն տրամադրելուն, ապա պետության կողմից արդեն իսկ երաշխավորված է բնակչության սոցիալապես խոցելի խավերի՝ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու հնարավորությունը, որն իրականացվում է աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով: Նշված ծրագրերը վերաբերում են այդ սոցիալական խմբերում ներառված անձանց անհրաժեշտ բոլոր դեղերին և այդ դեղերն անվճար կամ դեղի գնի կեսը վճարելու պայմանով հատկացնելուն: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի N 1717-Ն որոշման շրջանակներում ցուցաբերվող աջակցության ծրագրի մասին է: Այս առումով շահառուների առավել խոցելի շրջանակի համար ներկայացված նախագծի ընդունման արդյունքում որևէ օգուտ ունենալու հնարավորությունը, ըստ էության, բացակայում է, քանի որ ինչպես արդեն նշվեց, նշված խավերն արդեն իսկ դեղերը ձեռք են բերում անվճար կամ գնի կեսը վճարելով:
Միաժամանակ, նախագծի հիմնավորման մեջ նշված՝ հարևան Վրաստանից առավել մատչելի դեղեր ձեռք բերելու փաստի կապակցությամբ գտնում ենք, որ նշված հանգամանքը համատարած բնույթ չի կրում: Բացի դրանից, հայտնում ենք, որ ներկայացված և վերլուծված չեն, թե Վրաստանում դեղերի գների մատչելի լինելն ինչպիսի հանգամանքներով է պայմանավորված: Մասնավորապես, տրանսպորտային ծախսերով, տնտեսվարող սուբյեկտների շահութաբերության մակարդակով, թե այլ հանգամանքներով: Վերլուծված չեն նաև դեղերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում արդյոք Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանում դեղերի գները կլինեն համադրելի, ինչը տնտեսապես ոչ շահավետ կդարձնի Վրաստանից դեղերի ձեռքբերումը:
Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ առաջարկության ընդունումը չի նպաստի նախագծի առջև դրված նպատակների իրականացմանը, այլ միայն կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազմանը:
Եզրակացություն
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն էականորեն կնվազեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները: