«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-116-16.08.2017-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ.
- «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, գույքահարկը սեփականության իրավունքով հարկ վճարողին պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Հետևաբար, գույքահարկի գծով ցանկացած արտոնության սահմանում անխուսափելիորեն հանգեցնելու է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների կրճատման, որը հակադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության սկզբունքին: Ընդ որում, համայնքներին ֆինանսական համահարթեցման համար բյուջեից տրվող միջոցները նախատեսվում են օրենսդրությամբ սահմանված որոշակի կանոններով, որոնք բացառում են գույքահարկի արտոնությունների դիմաց փոխհատուցումների տրամադրում: Հետևաբար առաջարկվող արտոնությունների ընդունման դեպքում կստացվի, որ զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունության խնդրի լուծման համար վճարում են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը կարծում ենք տրամաբանական և հիմնավորված չէ:
- «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքահարկից ազատման արտոնությունը սահմանված է՝
1) ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ վերջիններիս սեփականության (կամ համասեփականության) իրավունքով պատկանող միայն հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների կամ նշյալ հարկման օբյեկտների՝ իրենց բաժնի մասով: Ընդ որում, նշյալ արտոնությունը կիրառվում է միայն պարտադիր զինվորական ծառայության ընթացքում.
2) պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց համար` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով:):
Գույքահարկից ազատման արտոնության նման շրջանակի սահմանումն ունի հստակ ընդգծված տրամաբանություն և նպատակադրում: Մասնավորապես՝
1) միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունը կայանում է նրանում, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձը, իր կամքից անկախ, զրկվում է ինչպես այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից, հետևաբար տրամաբանական է, որ վերջինս ծառայության ընթացքում (եկամուտներ ստանալու հնարավորությունից զրկված լինելու ժամանակահատվածում) ազատվի իրեն պատկանող ոչ արտադրական կամ ոչ հասարակական գույքի մասով հաշվարկվող գույքահարկի պարտավորությունից: Նշյալ նկատառումը հիմնավորվում է նաև նրանով, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերության համաձայն, այն բոլոր դեպքերում, երբ արտոնությունից օգտվող գույքից ստացվում են եկամուտները (երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման) արտոնությունը դադարում է գործել:
Ինչ վերաբերում է արտադրական կամ հասարարական նշանակության գույքի նկատմամբ նշյալ արտոնությունը չկիրառելու հիմնավորումներին, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ այն հիմնավորվում է նրանով, որ արտադրական կամ հասարարական նշանակության գույքից եկամուտներ ստանալու հնարավորությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված, չի սահմանափակվում.
2) պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո գույքահարկից ազատման արտոնությունը միայն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց նկատմամբ կիրառելը զինված ուժերը որակավորված սպայական կազմով համալրելուն խթանելու նպատակադրում ունի: Մյուս կողմից, «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության համաձայն, ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Ուստի կարելի է փաստել, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գույքահարկից ազատումը նպատակ ունի խթանելու նաև որակավորված երկարաժամկետ ծառայությունը: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշյալ արտոնության կիրառության առումով ժամկետային սահմանափակում նախատեսված չէ` արտոնությունից օտվելու չարաշահումների հնարավորությունները կանխելու և համայնքների եկամուտների անհարկի նվազեցումների ռիսկերը սահմանափակելու համար՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշյալ արտոնության մասով սահմանավել են հարկման բազայի որոշակի շեմեր:
Քննարկման դրված նախագծով ներկայացված առաջարկությունը հակադրվում է վերոնշյալ տրամաբանությանը և նպատակադրումներին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է արտոնություն կիրառել ոչ միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց նկատմամբ, այլ առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց նկատմամբ: Կարծում ենք, որ վերոգրյալը հիմնավորված համարվել չի կարող, այն պատճառով, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարբերվող զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ըստ էության, զրկված չեն այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից և, միաժամանակ, զինվորական ծառայության դիմաց վարձատրվում են (ստանում են եկամուտներ), հետևաբար ունեն գույքահարկը վճարելու համար միջոցներ: Առաջարկությունը թերևս հիմնավորված կարող էր համարվել այն դեպքում, երբ զինվորական ծառայությունից ստացվող եկամուտները և գույքահարկի գծով հարկային պարտավորություններն անհամատեղելի լինեին, մինչդեռ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությանում գույքահարկի գծով հարկային բեռը բավականին ցածր է և այդ առումով հեռու է արդարացված համարվելուց:
- Ինչ վերաբերում է զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունության խնդրին, ապա գույքահարկի գծով արտոնության բացակայությամբ պայմանավորված՝ այդ խնդրի առկայության մասին հիմնավորումներ նախագծով ներկայացված չեն և այդ առումով տեղին կլիներ նախ և առաջ հիմնավորել խնդրի առկայությունը (oրինակ, որ որպես խնդրի հիմանավորում կարող էր ծառայել այն փաստը, թե առաջարկվող արտոնության բացակայությամբ պայմանավորված քանի պայմանագրային զինվորական ծառայող է հրաժարվել զինվորական ծառայությունից): Այդուհանդերձ, եթե նույնիսկ խնդիրն առկա է, ապա կարծում ենք, որ գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու առաջարկությունը խնդրի լուծման միակ, համենայն դեպս՝ լավագույն միջոցը չէ և գտնում ենք, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել այլ՝ ավելի հասցեական և արդյունավետ գործիքների միջոցով:
- Բացի դրանից, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների միջև կառաջանան հակասություններ, քանի որ մի կողմից նախատեսվում է զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց հասարակական և արտադրական գույք չհամարվող ամբողջ գույքի մասով գույքահարկից ազատում, մյուս կողմից ռազմաուսումնական հաստատություններն ավարտած զինծառայողների համար սահմանված են սահմանափակ շրջանակով գույքահարկից ազատման արտոնություններ:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ նախագծով ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը: