«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) (այսուհետ` օրենքի նախագիծ) կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաշվարկելու (սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատելու) համար հիմք ընդունվող տեղեկատվության մատչելիությունը (հասանելիությունը) բարելավելու, այդ թվում՝ այդ տեղեկատվությունն ամբողջականացնելու (դասակարգելու) համար։
Մասնավորապես, արդեն իսկ ներդրվել է Հայաստանի ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակության համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը (արխիվային փաստաթղթերը) ստանալու համար էլեկտրոնային եղանակով կատարելու հարցում և ստանալու պատասխան։
Միաժամանակ, հաշվի առնելով առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա աշխատանքային ստաժի հաշվարկման կապակցությամբ առկա ռիսկերը՝ աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու նպատակով աշխատանքներ են կատարվում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը լրամշակելու համար։ Մասնավորապես, նախատեսվում է միասնական ենթահամակարգի շրջանակներում ամբողջացնել գործատուների և նրանց կողմից կատարված սոցիալական վճարների մասին տեղեկատվությունը և «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգում կիրառել ինքնաշխատ եղանակով։
Ենթահամակարգի ներդրման արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կկիրառվեն նաև «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալներն անձի աշխատանքային գործունեության (աշխատավարձ ստանալու և եկամտային հարկ վճարելու) մասին, իսկ ամբողջացումից հետո՝ նաև անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս» տեղեկատվական համակարգի տվյալները 2004-2013 թվականների ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների (սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի) մասին։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման շրջանակներում աշխատանքներ են իրականացվում նաև աշխատանքային գրքույկներն սկանավորելու և դրանցում ներառված տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար (նախատեսվում է ավարտել 2019 թվականին)։
Նախատեսվում է նշված աշխատանքների արդյունքում անդրադարձ կատարել նաև աշխատանքային ստաժի հաշվարկման (հաշվառման) ընթացակարգերին (իրավակարգավորումներին), այդ թվում` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերին։
Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում՝
1) այլ հավասար պայմաններում (աշխատանքային ստաժում հաշվարկվող ժամանակահատվածի մասով) ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի չափը հնարավոր չէ որոշել.
2) եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ:
Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչև նշված աշխատանքների ավարտը և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերին անդրադառնալ աշխատանքային ստաժի հաշվարկման (հաշվառման) նոր ընթացակարգերի համատեքստում։