ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-118-23.08.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ ներկայացված գրավոր
առաջարկների
N
|
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ
|
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ
|
ԱՌԱՋԱՐԿԸ
|
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
|
1.
|
ՀՀ կառավարություն
|
Նախագիծ
|
նախագիծը լրամշակել՝ նկատի ունենալով այն, որ մեղադրյալի հարցաքննության պարտադիր տեսաձայնագրումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությամբ ներդնելու համար անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև հետևյալ հարցերը՝
- Այն չի կարող իմպերատիվ կիրառվել և դրա իրականացման համար անհրաժեշտ է ստանալ մեղադրյալի համաձայնությունը: Մեղադրյալի հարցաքննության պարտադիր տեսաձայնագրումը կարող է գործնականում բարդություններ առաջացնել և բացասաբար անդրադառնալ քննության արդյունավետության վրա: Գործնականում լինում են դեպքեր, երբ անձը, հոգեբանական բարդույթներ ունենալով, կաշկանդվում է տեսաձայնագրման պայմաններում ցուցմունքներ տալուց:
- Տեսաձայնագրման դեպքում անհրաժեշտ է կարգավորել գործողության ընթացքի տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և ամբողջականությունը, տեսաձայնագրությունն իրականացնելու տեխնիկական բնութագիրը և սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները:
- Հարկ է անդրադառնալ նաև տեսաձայնագրման ժամանակ տեխնիկական ընդհատումների դեպքում քննչական գործողության ընթացքի լուծմանը արդյո՞ք այն դադարեցվում է, շարունակվում է, հայտարարվում է ընդմիջում, հնարավոր է կիրառել այլ տեխնիկական միջոցներ կամ սարքեր:
- Տեսաձայնագրման դեպքում հարցաքննության թղթային արձանագրումը պահպանվելու՞ է, թե` ոչ: Թղթային արձանագրման պահպանման դեպքում անհրաժեշտ է ամրագրել հարցաքննության տեսաձայնագրության՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակի իրավական կարգավիճակն ու դրա հարաբերակցությունը հարցաքննության թղթային արձանագրության հետ: Այսինքն, անհրաժեշտ է օրենսդրական կարգավորման ենթարկել այն հարցը, թե հարցաքննության տեսաձայնագրությունն արդյո՞ք ունի հարցաքննության թղթային արձանագրության հետ հավասար իրավական կարգավիճակ:
- Օրենքի նախագիծը չի պարունակում անցումային դրույթներ այն մասին, թե դրանով նախատեսված կարգավորումները երբ են ուժի մեջ մտնելու: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի հարցաքննության տեսաձայնագրման պարտադիր պահանջ նախատեսելու համար անհրաժեշտ է նախաքննական մարմիններին ապահովել անհրաժեշտ տեսաձայնագրող և այլ սարքավորումներով: Այս առումով պետք է նկատի ունենալ այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգավորման նախատեսումը կառաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն: Հետևաբար, անհրաժեշտ է նախ ունենալ ներդրվող ինստիտուտի հստակ տեսլական, դրա պայմաններում կատարել սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ, ապա գնման գործընթացի կազմակերպում և տեխնիկական միջոցների տրամադրում նախաքննական մարմիններին:
- Պետք է նաև նախատեսել բավարար ժամանակ, որպեսզի կազմակերպվեն վերապատրաստումներ՝ տեսաձայնագրող սարքերի միջոցով հարցաքննություն անցկացնելու հմտություններ ձևավորելու համար:
|
|