«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-125-05.09.2017-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Բովանդակային առումով առաջարկվող շեմերի չափերը վերանայման կարիք ունեն, մասնավորապես՝
1) նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության համաձայն տնտեսվարող սուբյեկտը (սուբյեկտները) չի (չեն) կարող ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա, որ որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի (չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ քսաներորդը: Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ առևտրային ցանցի դեպքում հնարավոր է լինեն դեպքեր, երբ շուկայում 1 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսվարողը նույնպես համարվի գերիշխող դիրք ունեցող՝ 49 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսվարողի հետ միաժամանակ, իսկ 0.99 տոկոս մասնաբաժին ունեցողը՝ ոչ: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշմամբ: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար չէ մեխանիկորեն տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող սուբյեկտի կարգավիճակ տալու համար, այլ յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ: Հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված: Տեղին է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են անհրաժեշտ գործիքակազմեր հանձնաժողովի որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք բողոքարկելու վերաբերյալ: Օրենքը հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտին նաև ներկայացնելու իր գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ: Այս համատեքստում, համաձայն հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության, գործնականում դեռևս հիմնավորման մեջ նշված դեպքեր չեն արձանագրվել:
Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապրանքային շուկայում, որպես իրացնող կամ ձեռք բերող, 10 տոկոսից պակաս մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտները չունեն որևէ ազդեցություն մրցակցային միջավայրի վրա, հետևաբար և գերիշխող դիրք ունենալ չեն կարող: Հաշվի առնելով նշվածը և ապրանքային շուկայի վրա ազեցություն չունեցող տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի սահմանափակման հնարավորությունը բացառելու անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ առաջարկվող «մեկ քսաներորդը» բառերը փոխարինել «մեկ տասներորդը» բառերով.
2) նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխության համաձայն առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որի առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն դրամի շեմը: Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների միջոցով իրականացվող մանրածախ առևտրի շրջանառությունը 2016 թվականին կազմել է 963.2 մլրդ դրամ, որի 33.0 տոկոսը (317.7 մլրդ դրամ) բաժին է ընկել գերփոքր (մինչև 9 աշխատող ունեցող) խանութներին, 21.6 տոկոսը (207.9 մլրդ դրամ)` փոքր (10-49 աշխատող ունեցող), իսկ 45.4 տոկոսը (437.6 մլրդ դրամ)` միջին (50-249 աշխատող ունեցող) խանութներին։ Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը` մեկ փոքր (10-49 աշխատող) խանութի (առևտրային օբյեկտ) տարեկան շրջանառությունը միջինում կազմում է շուրջ 370 մլն դրամ։
Այս ամենի հաշվառմամբ, առաջարկում ենք նախագծով սահմանել, որ առևտրային ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը:
Ուստի առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «500 մլն» բառերը փոխարինել «1.5 մլրդ» բառերով:
2. Օրենսդրական տեխնիկայի պահանջները նկատի ունենալով՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի՝
1) 1-ին մասում «3-րդ կետը» բառերը փոխարինել «3-րդ մասը» բառերով.
2) 1-ին մասի երրորդ պարբերության մեջ «ճանաչվել» բառը փոխարինել «համարել» բառով.
3) 2-րդ մասում «5-րդ կետը» բառերը փոխարինել «5-րդ մասը» բառերով.
4) երրորդ պարբերությունը շարադրել առաջին պարբերությունից հետո:
Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում լրացումներ և փոփոխություններ կկատարվեն հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» N 194-Ն որոշման մեջ: