«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԵՎ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-134-23.09.2017-ՏՀ-011/0 ԵՎ Պ-1341-23.09.2017-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է տարանջատել վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում գործունեության տեսակները` դրանք սահմանելով որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակներ:
Այս առումով հարկ է նշել, որ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք նախատեսում են նշված գործունեության բաղադրիչներից որևէ մեկով զբաղվել, լավագույն լուծումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան լիցենզավորման համապատասխան կարգով լիցենզիայի ներդիրների սահմանումն է: Այս մոտեցումը չի հանգեցնի՝
1) վարչարարության բարդեցմանը.
2) Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի վարկանիշային աղյուսակում Հայաստանի Հանրապետության դիրքի անկմանը.
3) շրջակա միջավայրի վատթարացմանը:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհրաժեշտ է դիտարկել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված մոտեցման համատեքստում՝ քննարկման առարկա դարձնելով տուրքի դրույքաչափի հարցը:
Բացի դրանից, հարցի ամբողջական կարգավորման նպատակով հնարավոր է անհրաժեշտություն առաջանա նաև համապատասխան փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքերում:
Ելնելով նշվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքների նախագծերի փաթեթը ներկայացված դիտարկումների լույսի ներքո լրամշակել և պատրաստակամ է համագործակցել նախագծի հեղինակների հետ` նշված մոտեցումներին համապատասխան նախագծերի փաթեթի հետագա լրամշակման հարցում:
Այդուհանդերձ՝
1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջին հոդվածի աղյուսակի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-7-րդ մասերին, քանի որ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ բաժինն արդեն իսկ ունի 2-րդ կետ.
2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայացված տեսքով ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման դեպքում վեցամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման մեջ: