«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ԵՎ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-133-23.09.2017-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել քաղաքացու անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի հիման վրա տարիքի ստուգման վերաբերյալ դրույթով, քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակելու կարգը սահմանող 7.1-ին հոդվածով, համաձայն որի խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմին` նշելով որոշակի ժամկետ, որը չի կարող 6 ամսվանից պակաս լինել: Դիմումում նշված ժամկետի ընթացքում դիմողն այն չի կարող հետ վերցնել: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է այն քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է խմբագրել ներկայացված օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով ստորև նշված մոտեցումները՝
- Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` շահումով խաղերի, խաղատներիգործունեության կազմակերպիչն արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Վերոգրյալից հետևում է, որ օրենքով կազմակերպիչների վրա արդեն իսկ դրված է պարտականություն` 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ արգելելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ`
1) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված պարտականության չկատարման համար, որպես պատասխանատվության միջոց, նախատեսված է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.
2) կազմակերպչի կողմից վերոնշյալ պարտականության կատարման կարգը սահմանվում է կազմակերպչի կողմից ներկայացվող և լիազոր մարմնի կողմից հաստատվող կանոնակարգերում և այդ պարտականությունը չկատարելու հետևանքով առաջացող անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է կազմակերպիչը:
Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումից հետևում է, որ շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչն ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը, որ այդ կերպ պարզի վերջինիս` 21 տարին լրացած լինելու հանգամանքը:
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 18-Ն որոշման N 2 հավելվածի հարցաշարում, ի թիվս ստուգման ենթակա այլ հարցերի, ներառված է նաև մինչև 21 տարին լրացած անձանց խաղասրահ մուտք գործելու հարցը:
Գործող իրավակարգավորումների բովանդակությունից հետևում է, որ արդեն իսկ կարգավորված են ինչպես մինչև 21 տարեկան անձանց խաղասրահ մուտք գործելը արգելելու հարաբերությունները, այնպես էլ կազմակերպչի կողմից այդ պարտականությունը չկատարելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարբերությունները և լիազորված մարմնի կողմից կազմակերպչի թույլ տված հնարավոր խախտումները բացահայտելու մեխանիզմները:
Ուստի, ելնելով նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգավորման բովանդակությունից և հաշվի առնելով գործող իրավակարգավորումները, գտնում ենք, որ այն հասարակական հարաբերությունները, որոնք փորձ է արվում կարգավորել նախագծի 1-ին հոդվածով` արդեն իսկ կարգավորված են այլ իրավական ակտերով: Այնուամենայնիվ, կիսելով հեղինակների մտահոգությունը, գտնում ենք, որ կարելի է օրենքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել խաղատուն մուտք գործելիս անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջ:
- Գտնում ենք, նաև, որ նախագծի 2-րդ հոդվածով լրացվող օրենքի 7.1-ին հոդվածով առաջարկվող քաղաքացու՝ խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակելու իրավակարգավորումը հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության հիմնադրույթներին: Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 24-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու գործունակությունը` իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու ունակությունը ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից: Օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով: Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության ու գործունակության սահմանափակմանն ուղղված գործարքներն առոչինչ են: Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Վերոշարադրյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է քաղաքացու իրավասուբյեկտության տարր հանդիսացող գործունակության սահմանափակման հստակ հիմքեր և կարգ: Այդ հիմքերն են` ոգելից խմիչքի կամ թմրամիջոցների չարաշահումը կամ մոլեխաղերով հրապուրվելը: Ընդ որում, գործունակության սահմանափակման համար նշված հիմքերի առկայությունն ինքնին, բավարար չէ: Քաղաքացու գործունակության սահմանափակման համար անհրաժեշտ է, որպեսզի նման չարաշահման հետևանքով քաղաքացու ընտանիքը հայտնվի նյութական ծանր դրության մեջ: Ավելին, օրենսդիրն ամրագրել է, որ անձի գործունակությունը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով: Մինչդեռ նախագծով նախատեսվում է սահմանել քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները լիազոր մարմնին դիմում ներկայացնելու միջոցով ինքնասահմանափակելու վերաբերյալ կարգավորում, ինչը չի բխում քաղաքացու գործունակությունը բացառապես դատական կարգով սահմանափակելու օրենսդրական պահանջից, ուստի օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով խաղատներ սեփական մուտքը, հետևաբար` խաղատներում գործարքների կնքումն արգելելու կապակցությամբ անձի կամահայտնությունը` որպես գործունակության սահմանափակմանն ուղղված գործարք, պետք է համարվի առոչինչ: Այս նորմի բովանդակությունից հետևում է, որ քաղաքացին չի կարող կնքել այնպիսի գործարք, որն ուղղված է իր գործունակության սահմանափակմանը:
Գործարքի հասկացությունը տրված է օրենսգրքի 289-րդ հոդվածում, համաձայն որի` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Այսինքն` օրենսգրքի 289-րդ հոդվածի իմաստով՝ քաղաքացու դիմումը լիազոր մարմին, որով կսահմանափակի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղասրահներ մուտք գործելու իր իրավունքը, համարվում է գործարք, ինչն օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով առոչինչ է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն դրույթը, որի համաձայն օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին, գտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված քաղաքացու ինքնասահմանափակման դրույթը, օրենսգրքին հակասելու պատճառով, չի կարող ստանալ օրենքի ուժ:
- Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող օրենքի 7.2-րդ հոդվածի վերաբերյալ բովանդակային առումով առարկություններ չունենք, սակայն, հաշվի առնելով նախորդ դիտողությունը, առաջարկում ենք նախագծի ամբողջ տեքստից հանել 7.1-ին հոդվածին կատարված հղումը և համապատասխանաբար խմբագրել հոդվածի համարակալումը:
Այդուհանդերձ նախագծի՝
1) բովանդակությունից հետևում է, որ քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելուց և լիազոր մարմնի կողմից կազմակերպիչներին տեղեկացնելուց հետո վերջիններիս մոտ առաջանում է նոր պարտականություն` մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ արգելելու վերաբերյալ:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Ուստի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող պակաս լինել 6 ամսվանից.
2) 2-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.2-րդ հոդվածով սահմանված նորմերն անհրաժեշտ է նախատեսել օրենքի 6-րդ հոդվածում, քանի որ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները ներառված են վերը նշված հոդվածում:
Նախագծի ընդունման դեպքում կառաջանա խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն արգելելու վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող դիմումի ձևը սահմանելու մասին և խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանելու մասին որոշումների ընդունման անհրաժեշտություն: