«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-150-09.10.2017-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված «մշակութային արժեքներ» և «մշակույթ» հասկացությունները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.
- Համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ օրենքի գործողությունը տարածվում է մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման վրա: Իսկ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից:
Օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային արժեքներ» հասկացությունը ներառում է «մշակութային ժառանգության առարկա (օբյեկտ)»-ը՝ պատմամշակութային անշարժ ժառանգության հուշարձաններն ու նրանց համալիրները:
Այդ առումով հիմնավորման մեջ նշված Զորաց քարեր պատմամշակութային տարածքը, ինչպես նաև պատմամշակութային, պատմաճարտարապետական, պատմահնագիտական և այլ հուշարձաններն ու հուշարձանախմբերը, համալիրները, օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային արժեքներ» հասկացությանը համապատասխան, մշակութային ժառանգության օբյեկտներ են և օրենքով սահմանված կարգով ներառվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Ինչ վերաբերում է հիմնավորման մեջ նշված «Գառնու սիմֆոնիային», ապա այն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշամբ հաստատված ցանկում` որպես «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ:
- «Մշակույթ» հասկացության սահմանման փոփոխությունը տեղին չէ, քանի որ օրենքում տրված սահմանումն արդեն իսկ լիարժեքորեն իր մեջ արտահայտում է նաև բնության նկատմամբ մարդու վերաբերմունքը: Հասարակության զգայություններն ու մտածողության եղանակների ամբողջությունը ձևավորվում են բնության և տիեզերքի վերաբերյալ գիտելիքների և պատկերացումների հիման վրա: