«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-149-06.10.2017-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծի ընդունումը չի նպաստի նախագծի առջև դրված նպատակների իրականացմանը, այլ միայն կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազմանը, առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող՝ գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասը թողնել անփոփոխ՝ ստորև ներկայացված հիմնավորմամբ.
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 92-րդ հոդվածով նախատեսված է, որ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարները հարկ վճարողները հաշվանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարներից: Այսինքն՝ հումքի համար վճարվող ակցիզային հարկի գումարները հաշվանցվում են և արտադրվող քսայուղի արժեքը չի կարող ավելացնել: Դա վերաբերում է նաև տեղական արտադրության քսայուղերի համար հումք հանդիսացող, ԱՏԳ ԱԱ 271019710 0 ծածկագրին դասվող քսայուղերին:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված է արդյունաբերական ընկերությունների կողմից իրենց կարիքների համար ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ծածկագրերին դասվող ապրանքների ձեռքբերման դեպքում այդ ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգ:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած հարկային արտոնության սահմանումը մշտապես ուղեկցվում է ոչ միայն հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկերով, այլ նաև հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման՝ գտնում ենք, որ ցանկացած նոր հարկային արտոնության սահմանման առաջարկությունը պետք է ուղեկցվի համապատասխան վերլուծություններով և հաշվարկներով, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ հետևանքներ և ինչ արդյունքներ է տալու նման առաջարկության ընդունումը: Մասնավորապես, գտնում ենք, որ քսայուղերի ապրանքախմբում ներառվող ԱՏԳ ԱԱ 271019710 0 ծածկագրին դասվող քսայուղն ակցիզային հարկից ազատելուց, ինչպես նաև 1 կգ քսայուղերի ակցիզային հարկի նվազագույն չափը 300 դրամ սահմանելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել ծախսեր-օգուտներ վերլուծություն՝ գնահատելու համար արտոնության սահմանման արդյունքում պետության կրած կորուստները և արտոնության հնարավոր շահառուների օգուտները:
- Նախագծի ընդունման հիմնավորմամբ նշված է, որ քսայուղերի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի դրույքաչափի նվազեցումը կնպաստի տեղական արտադրության քսայուղերի մրցունակության բարձրացմանը: Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ ներկայացված առաջարկության ընդունման արդյունքում տեղական արտադրության քսայուղերի մրցունակության բարձրացման ակնկալիքներն իրատեսական չեն՝ հաշվի առնելով այն, որ քսայուղերի համար սահմանված ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը գործնականում կիրառվում են ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող՝ ցածր գնային սեգմենտի քսայուղերի համար: Միևնույն ժամանակ, տեղական արտադրության քսայուղերի արտահանման դեպքում էլ վճարված ակցիզային հարկերը հետ են վերադարձվում: Այս առումով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով քսայուղերի համար սահմանված ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափի իջեցումը նախագծի ընդունման հիմնավորմամբ ակնկալվող արդյունքը չապահովելով հանդերձ կհանգեցնի պետական բյուջեի հարկային եկամուտների կորստի: Ընդ որում, հատկանշական է այն, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով քսայուղերի համար ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվել են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդհանուր ֆիսկալ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, ինչով պայմանավորված հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով կատարել հարկային համակարգի այնպիսի բարեփոխումներ, որոնք հանգեցնում են հարկային եկամուտների կորստի: Հետևաբար, հարկային օրենսգրքի ընդունումից հետո հարկային եկամուտների կորուստ առաջացնող ցանկացած փոփոխության իրականացում ենթադրում է լուրջ հարկաբյուջետային ռիսկերի առաջացում:
- Առաջարկության ընդունումն ստեղծում է հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկեր՝ կապված ներմուծվող քսայուղերն առաջարկվող արտոնյալ ծածկագրին դասակարգելու և դրա հետևանքով ակցիզային հարկի վճարումից խուսափելու հետ: Թերևս հենց այդ ռիսկի կառավարման նպատակով է, որ գործող օրենսդրությամբ, որպես ենթաակցիզային ապրանք նախատեսվել է ոչ թե կոնկրետ որևէ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող քսայուղը, այլ բոլոր քսայուղերն առհասարակ: Ընդ որում, վերոգրյալն օրենսդրությամբ ամրագրվել է օրենսդրական փոփոխությունների ճանապահով: Մասնավորապես, քսայուղերն ակցիզային հարկով հարկվում են 2012 թվականի հունվարի 1-ից: Օրենսդրական այդ փոփոխության կիրառության առաջին տարվա ընթացքում ակցիզային հարկով հարկվում էին միայն ԱՏԳ ԱԱ 271019810 ծածկագրին դասվող քսայուղերը: Հաջորդ տարվա ընթացքում կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում սահմանվեց, որ ակցիզային հարկով հարկման ենթակա են համարվում ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ծածկագրերին դասվող բոլոր քսայուղերը, որպեսզի չեզոքացվի վերոնշյալ ռիսկը: