Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ԵՎ կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-154-16.10.2017-ՖՎ-011/0 ԵՎ Պ-1541-12-16.10.2017-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է`
- Նախագծի 5-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի՝
ա. համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների,
բ. 5-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով.
2) 3-րդ մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերը կիրառվում են հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող ստուգման, իսկ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ արտաքին պետական հաշվեքննության իմաստով: Այս առումով նշված մասում «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «(այսուհետ՝ նաև հաշվեքննություն)» բառերով:
- Նախագծի 16-րդ հոդվածի`
1) 9-րդ մասում խոսք է գնում հաշվեքննիչ պալատի կողմից նիստում քննարկման և հաստատման ենթակա հարցերի մասին, մինչդեռ նույն մասի 19-րդ կետի դրույթները վերաբերում են հաշվեքննիչ պալատի կողմից առանց լիազորագրի գործելուն և լիազորագրեր տալուն: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել.
2) 10-րդ և 11-րդ մասերի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, համաձայն որոնց հոդվածները կարող են ունենալ վերնագրեր, հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:
- 17-րդ հոդվածի 1-ին մասը «կրթություն և», 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ղեկավար՝» և 2-րդ կետը «տեղակալ՝» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված» բառերով։
- 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պալատի» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով ներկայացված» բառերով:
- Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են հաշվեքննիչ պալատի գործունեության իրականացման սկզբունքները, մինչդեռ գործունեության սկզբունքներն արդեն իսկ նախատեսված են նախագծի 2-րդ գլխի դրույթներում: Այս առումով նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրությունը քննարկման առարկա է: Կարծում ենք, որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը պետք է գնա հաշվեքննության իրականացման սկզբունքների մասին:
- 24-րդ հոդվածի մասերի և կետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:
- 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագիրը, ընթացիկ եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, միաժամանակ դրանք տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Մինչդեռ նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ փաստաթղթերը հրապարակվում են նաև www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում: Այս առումով նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց:
- Նախագծում միաժամանակ կիրառվում են «ինտերնետային կայք» և «պաշտոնական ինտերնետային կայք» եզրույթները: Այս առումով հիշյալ դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:
- 34-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի դրույթների համաձայն՝ հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին` ստորագրության: Այս առումով առաջարկում ենք «ստորագրության» բառը փոխարինել «հաստատման» բառով.
2) 7-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերի մեջ սահմանվել է նաև հաշվեքննության ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության առաջանալը: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, քանի որ արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի դեպքում հաշվեքննության իրականացումն անընդհատ կարող է երկարաձգվել:
- 41-րդ հոդվածի 3-րդ մասում «կարգավորվում են» բառերից հետո հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:
- 43-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձման օրը:»:
«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին կից ներկայացված մյուս Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չունենք: