«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-179-09.11.2017-ՖՎ-011/0)
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Գանձապետարանի աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի և գանձապետարանի ստորաբաժանումների` սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբաղեցնող անձինք:»:
Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ և 153-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այդ առումով նախագծի 4-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակ նշել այն իրավական ակտի տեսակը, որով սահմանված կարգով հաստատվում են կենտրոնական գանձապետարանի և գանձապետարանի ստորաբաժանումների հաստիքացուցակները:
- Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «ֆինանսական միջոցների կառավարման համակարգը» բառերը փոխարինել «ֆինանսական միջոցների կառավարմանկանոնները և պահանջները» բառերով: Այդ առումով պարզ չէ, թե հիշյալ կանոններն ու պահանջներն ում կողմից և ինչ իրավական ակտով են սահմանվում:
Նույն կետում «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերով» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:
- Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենքով սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ: Այդ առումով բաց է մնում այն կարգավորումը, որով պետք է սահմանվի, թե ում կողմից է նշանակվում գլխավոր հաշվապահ:
- Նախագծի 9-րդ հոդվածում «բառը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:
- Նախագծի 10-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակ նշել օրենքի 16-րդ հոդվածի այն մասերը կամ կետերը, որոնցում նախատեսվում է «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:
Նույն հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետում առկա են չհամարակալված պարբերություններ, այլ ոչ թե 2-րդ և 3-րդ ենթակետեր՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:
Նույն հոդվածում «բառերը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառը» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:
- Նախագծի 12-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 19-րդ հոդվածը, ըստ որի՝ գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի մարման և սպասարկման ծրագրավորումը և այդ ծրագրին համապատասխան՝ օրենքով սահմանված արտաքին պարտքի մարումը և սպասարկումը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծի վերը նշված հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ «պարտքի» բառից առաջ լրացնել «պետական» բառը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-191-27.11.2017-ՖՎ-011/0) քննարկումների համատեքստում: