«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-225-15.12.2017-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաև որոշման հիմնավորումը, ընդունվում և հրապարակվում է բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օրվա ընթացքում: Խորհրդի պատճառաբանված որոշմամբ սույն կետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև 10 օրացուցային օրով: Խորհրդի որոշումն իրավապարտադիր է:»:
Այսինքն, նշված հոդվածի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գնումների բողոքարկման խորհրդի որոշումների ուժի մեջ մտնելու կարգ և պայմաններ իրավացիորեն չի սահմանում՝ նկատի ունենալով, որ օրինական ուժը բացառապես դատական ակտերին բնորոշ իրավական որոշակիության արտահայտումն է: Մտնելով օրինական ուժի մեջ՝ դատական ակտը ձեռք է բերում օրենքի ուժ, կողմերի համար դառնում է «մասնավոր օրենք», պետական հարկադրանքի ուժով ապահովված խիստ որոշակի վարքագծի կոնկրետ կանոններ սահմանող անհատական իրավական ակտ, որը, ընդհանուր կանոնի համաձայն, չի կարող վերանայվել ո՛չ այն կայացնող դատարանի և ո՛չ էլ վերադաս ատյանների կողմից:
Տվյալ դեպքում օրենքով կարող է նախատեսվել ոչ թե խորհրդի որոշումներն ուժի մեջ մտնելու, այլ դրանց իրավապարտադիր դառնալու ժամկետներ:
Միաժամանակ գտնում ենք, որ եթե մասնակիցը համաձայն չէ խորհրդի կողմից կայացված որոշման հետ, ապա վերջինս ունի այն դատական կարգով բողոքարկելու իրավունք և դրա շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող է միջնորդել դատարանին կիրառելու հայցի ապահովման միջոց` մինչև դատարանի կողմից կայացվող որոշումն ուժի մեջ մտնելը կասեցնել ցուցակում ներառելու մասին խորհրդի որոշումը:
Պետք է նկատի ունենալ նաև, որ նախագծի ընդունման պարագայում`
1) ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած մասնակիցները հնարավորություն կստանան մինչև խորհրդի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելը մասնակցելու այլ գնման գործընթացների ևս: Ընդ որում, գործող օրենսդրությամբ նախատեսված են մեխանիզմներ, որոնք հնարավորինս ապահովել են ոչ խտրական մոտեցման կիրառում մասնակիցների հայտերի գնահատման նկատմամբ: Մասնավորապես, եթե մասնակիցը հայտով թերի է ներկայացնում պահանջված փաստաթղթերը, ապա վերջինիս հնարավորություն է տրվում շտկել դրանք: Այսինքն, եթե պատշաճ մասնակից է, ապա օրենսդրությունը երաշխավորում է նրա ներկայացրած հայտի` ձևական պահանջների չպահպանման արդյունքում հայտի չմերժելը և սև ցուցակում չներառումը.
2) անհարկի կձգձգվեն գնման գործընթացները և գործնականում կարող է ստեղծվել մի վիճակ, երբ պատվիրատուները հնարավորություն չեն ստանա ապահովել իրենց առջև դրված ծրագրային խնդիրների իրականացումը:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները տեղին չեն և անընդունելի են:
Այդուհանդերձ, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝
1) նկատի ունենալով, որ նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով կատարվող լրացումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միևնույն՝ 46-րդ հոդվածում, դրանք անհրաժեշտ է միավորել մեկ հոդվածի ներքո.
2) նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն» բառերը: