«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-224-15.12.2017-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ օրենքի նախագիծ) խնդրահարույց է. այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին, և առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը սահմանվում են գործատուի ներքին կարգապահական կանոններով՝ բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, որտեղ աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից. այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն: Հետևաբար, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ն սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ն: Մինչդեռ, գործատուները, ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել, օրինակ, ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով:
Բացի դրանից, հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամապատասխանեն աշխատողի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ: Օրինակ, եթե աշխատողի աշխատանքային օրն սկսվում է ժամը 9.00-ին, միաժամանակ նույն ժամին է սկսվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրը, ապա աշխատողի համար խնդիր կլինի նաև առավոտյան ճիշտ ժամին աշխատանքի ներկայանալը: Առաջարկվող կարգավորման պարագայում խնդրահարույց է նաև այն դեպքը, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքն ավարտվում է ոչ թե 17.30-ին, այլ ավելի շուտ: Ուստի, նշված դեպքերում, առաջարկվող կարգավորումը չի ծառայի իր նպատակին:
Մյուս կողմից, ինչպես վկայում է ուսումնասիրված միջազգային փորձը, նշված խնդիրները (նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխարհագրական ծածկույթի մեծացում, մինչև 2 տարեկան երեխաների ընդունելություն այդ հաստատություններ, ամսական վճարվող գումարի մատչելիություն, աշխատանքային ժամերի համապատասխանեցում) պետք է լուծվեն պետական և համայնքային աջակցությամբ՝ համապատասխան հնարավորություններ ապահովելու միջոցով:
Ինչ վերաբերում է քննարկվող խնդիրների լուծումների ապահովման գործընթացներում գործատուների մասնակցությանը, ապա այս առումով կարևորվում է իրական խթանների ստեղծումը (այդ թվում՝ նաև պետական և համայնքային կազմակերպությունների օրինակով)՝ ուղղված գործատուների կողմից աշխատանքի վայրում երեխաների ցերեկային խնամքի այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը:
Այս առումով, հատկանշական է Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող երիտասարդ մայրերին՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն ստանալու իրավունքը:
Միևնույն ժամանակ, համաձայն օրենքի նախագծի, նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից: Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին:
Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:
Միաժամանակ՝ չենք կիսում օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ՝ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից:
Մյուս կողմից, հարկ է նկատել, որ օրենսգրքի 141-րդ հոդվածով ամրագրված են միջազգային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի կիրառման կարգավորումներ: Այսինքն, օրենսգրքի գործող դրույթն աշխատանքային հարաբերությունների կողմերին ընձեռում է հնարավորություն փոխադարձ համաձայնության հիման վրա սահմանելու ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: