«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-242-24.01.2018-ՊԻՄԻ-011/0)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում, քրեական գործով վարույթի կասեցման հետևյալ հիմքերի դեպքում ևս` մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է, ինչպես նաև գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին, մեղադրյալին և նրա պաշտպանին ուղարկել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը: Այս առումով, պարզ չէ, թե ինչու է նախագիծը սահմանափակվել քրեական գործով վարույթի կասեցման բացառապես հիշյալ երկու հիմքերը նախատեսելով` չանդրադառնալով օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից, հիմքին: Հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ևս ներկայացված չեն անհրաժեշտ տեղեկություններ նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորվածության և այլընտրանքային տարբերակներից հենց նախագծով առաջարկվող տարբերակն ընտրելու նպատակահարմարության վերաբերյալ:
Միաժամանակ, նախագծի քննարկվող դրույթում «մասերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետերով» բառով` ելնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներից:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումից պարզ չէ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենն ուղարկելու պահը, հետևաբար առաջարկում ենք նախագծում հստակեցնել այն` սահմանելով քննիչի կողմից հիշյալ որոշման պատճենն ուղարկելու որոշակի ժամանակային սահման: Տեղեկացնենք, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս առումով կիրառել է «անհապաղ» եզրույթը:
Բացի դրանից՝ առաջարկում ենք նախագծի հիշյալ դրույթը «բողոքարկման կարգը» բառերից հետո լրացնել «և ժամկետները» բառերով:
Վերոնշյալ առաջարկները վերաբերում են նաև նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող կարգավորմանը:
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող կարգավորման մեջ «ֆիզիկական անձի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ֆիզիկական անձին» բառերով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեական վարույթի շրջանակներում անձը կարող է հանդես գալ ներկայացուցչի միջոցով դատավարական որևէ կարգավիճակ ստանալուց հետո միայն: