«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­­ՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽ­ՏՈՒՄ­ՆԵՐԻ ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ­ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ­ՏԱ­ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ­ՆԵ­ՐԻ ՆԱԽԱ­ԳԾԵ­ՐԻ (Պ-245-26.01.2018-ՖՎ-011/0 ԵՎ Պ-2451-26.01.2018-ՖՎ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵ­ՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիս­տի N 54 արձանագրության 61-րդ կետով հավանության է արժանացել Հաշ­վա­պա­հական հաշ­վառ­ման և աուդի­տորական գործունեության ոլորտների բարեփոխում­նե­րի հայեցա­կար­գը, որի շրջանակ­նե­րում նախատեսվում է մշակել ոլորտների կարգավորման նոր օրենսդրա­կան նախագծերի փա­թեթ: Նախագծերում, ի թիվս այլ հարցերի, նախա­տեսվում է անդրադառնալ նաև ֆինան­սա­կան հաշվետվությունների հրապա­րակ­մանն առնչվող հար­ցե­րին: Ներկայացված Հայաս­տա­նի Հանրապետության օրենքների նախա­գծե­րը չեն հակասում վերո­նշյալ հայեցակարգի ընդ­հանուր տրամաբանությանը:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծերի հիմնական նպատակը հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների հասանե­լիու­թյան ապահովումն է շահագրգիռ անձանց և այլ օգտագործողների համար, առաջարկում ենք խնդրի առավել արդյունավետ լուծման նպատակով փոփոխություններ կատարել ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերում: Ներկայումս կազմա­կեր­պու­թյունները կարող են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձևով: Առաջարկում ենք հստա­կեց­նել վերը նշված պահանջը՝ սահմանելով, որ ֆինանսական հաշվետվո­ւ­թյունները հրա­պա­րակվեն կա΄մ կազմակերպությունների ինտերնետային կայքերում, կա΄մ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Միաժամանակ առաջարկում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել հնարավորություն, անհրաժեշտության դեպքում, դիմումի հիման վրա ստանալ կա΄մ ֆինանսական հաշվետվություններն

էլեկտրոնային տարբերակով կա΄մ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման էլեկտրոնային հղումը:

Անհրաժեշտ ենք համարում նաև՝

1) նախագծերում հստակեցնել այն կազմակեր­պու­թյուն­նե­րի շրջանակը, որոնց ֆինան­սա­կան հաշվետվությունները ենթակա են տրամադրման դիմումի հի­ման վրա.

2) իրավաբանական անձանց համար նույնպես սահմանել առաջարկվող ընթացակարգով ֆինանսական հաշվետվություններ ստանալու հնարավորություն:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ «Վարչական իրավա­խախ­տում­ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կա­տա­րելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախա­տես­ված տու­գանքների չա­փերը բա­վականին խիստ են սահմանված, ըստ էության պատժիչ բնույթ են կրում, և տանում են դեպի քրեական պա­տասխանատ­վու­թյուն: Մասնավորապես, օրենս­գրքի 16912-րդ հոդվածի 1-ին մասն օրենքով սահ­մանված դեպ­քե­րում և ժամ­կետներում ֆինան­սա­կան հաշվետվությունները պետական մար­միններ չներ­կա­յաց­նելու կամ դրանք օրեն­քով սահ­մանված կարգով և ժամկետներում չհրա­պարակելու համար նախա­տե­սում է տու­գան­քի նշա­նակում` սահմանված նվազագույն աշխա­տավարձի հիս­նա­պա­տի­կի չափով, մինչդեռ նա­խա­գծով առաջարկվում է խստացնել օրենսգրքի 16912-րդ հոդվածի  2-րդ մա­սով սահմանված սանկցիայի չափը` նվա­զա­գույն աշխատավարձի հինգհարյուրապա­տի­կից դարձնելով հազարապատիկ: Բացի դրանից՝ նա­խա­­գծի 1-ին հոդվածով նոր՝ «Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետ­նե­րում պետական մարմիններ ներ­կա­յացված և հրապարակված ֆինանսական հաշվետ­վու­թյու­նը քաղաքացու դիմումի հիման վրա չտրամադրելը» վարչական իրա­վախախտման հա­մար միանգամից խիստ՝ նվազագույն աշ­խատավարձի երկուհազարապատիկի չափով տուգանք է սահմանում, ինչը հիմնավորման կա­­րիք ունի: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վարչական տույժի նպա­տա­կը պատժելը չէ: Վարչական պատասխանատվությունը, որպես իրավախախտի նկատ­մամբ ներ­գործության միջոց, ունի իրավախախտին դաստիարակելու, ինչպես նաև վարչական իրա­­վա­խախտումները կանխելու նպատակ: Այդ նպատակներին հաս­նե­լու համար անհրաժեշտ է, որ վարչական պատասխանատ­վու­թյան միջոցը բխի համաչա­փու­թյան սահմանադրական սկզբուն­­քի էությունից, այսինքն՝ լինի բավարար և համաչափ՝ իր նպա­տակին ծառայելու հա­մար: Նշվածից ելնելով՝ գտնում ենք, որ, ցանկացած հակաիրա­վա­կան արարքի համար պա­տաս­­խանատվության միջոց ու չափ նախատեսելիս, նախ և առաջ անհրաժեշտ է համոզվել, որ դրանք հնարավորություն են տալու հասնելու վարչական պատասխանատվության նպատակ­նե­րի իրականացմանը: Հիշյալ դիտողությունը բխում է նաև Հայաստանի Հանրա­պե­տու­թյան Նա­խագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կար­գադ­րության 5.6-րդ կետից, որի հա­մա­ձայն մշակված «Վարչական իրավախախտումների վե­րա­բերյալ» Հայաստանի Հանրա­պե­­տու­թյան նոր օրենսգրքի նախագիծը գտնվում է վերջ­նա­կան լրամշակման և ամփոփման փու­լում: Հիշյալ նախագծի հիմքում դրված է նաև սանկ­ցիա­ների համաչափության սկզբունքը և այդ առումով առաջարկվող սանկցիաներն անհրա­ժեշտ է դի­տարկել «Վարչական իրավա­խախ­­­­տում­նե­րի վերաբերյալ» Հայաս­տա­նի Հան­րա­պետու­թյան նոր օրենսգրքի նախագծի հա­յեցա­կար­գա­յին մոտեցումների և առա­ջարկվող իրավա­կար­գավորումների շրջանակներում:

Վերը նշվածի հիմքերով առաջարկում ենք՝

  1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­­ցում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ.

«Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համա­պա­տասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունները հրապարա­կում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտո­նա­կան ինտերնետային կայքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.

«3. Կազմակերպություններն օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետ­վու­թյունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետ­վու­թյուն­նե­րի հրապա­րակ­ման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) տրամադրում են ֆիզիկա­կան կամ իրա­վա­բա­նական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

  1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենս­­գրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդ­վածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա­պե­­տու­թյան 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 16912-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագ­րությամբ.

«Հոդված 16912. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներ­կա­յաց­նե­լը կամ դրանք չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հի­ման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետ­վու­թյուն­ները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամ­կետ­նե­րում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ դրանց հրապա­րակ­ման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենքով սահմանված կարգով և ժամկետ­նե­րում չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիս­նա­պատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշ­վետ­վությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կար­գով չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա ֆի­նանսական հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ինտերնետային կայքի հղու­մը (հասցեն) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ­հար­յուրապատիկի չափով:»:

Բացի դրանից՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րա­պե­­տության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները՝

1) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում կատարելու մասին» օրենքի նախագծի՝

ա. 1-ին հոդվածում «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով, իսկ «տպա­գիր» բառը՝ «թղթային» բառով,

բ. 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրա­ժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով.

2) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենս­գրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան օրենքի նախագծի՝

 ա. 1-ին հոդվածի պարբերությունների համարակալումն անհրաժեշտ է հա­մա­պա­տաս­խա­նեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի 41-րդ հոդ­վա­ծի պահանջներին,

բ. 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրա­ժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով: