«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-270-19.02.2018-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տա­նի Հան­րա­պե­­տության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվող կարգա­վո­րում­ներն ան­հրա­ժեշտ ենք համարում դիտարկել համակարգային կապի մեջ ինչպես վարչա­կան իրա­վա­խախ­տումների վերաբերյալ Հայաս­տա­նի Հանրապե­տության օրենսգրքի (այսուհետ` օրենս­գիրք) և ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տության օրենսդրության, այնպես էլ վարչական իրավախախ­տում­­ների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի դրույթների հետ: Ընդ որում, նախագ­ծային դրույթ­­ների գնահատման համար հիմք են հանդիսացել նաև դրանց համար ներկայաց­ված հիմնավորումները:

1.Նախագծի 1-ին հոդվածի՝

1) «ա» կետով առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 2-րդ մասը` սահմանելով, որ տրանսպորտային միջոցի հաշվառման հա­մա­րանիշը սահմանված տեղում չփակցնելն առաջացնում է վարչական պատասխանատ­վու­թյուն, «եթե դա պայմանա­վորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով»: Առաջարկվող փոփո­խության, ինչ­պես նաև դրա առնչությամբ նախագծին կից ներ­կա­յաց­ված հիմնավորման մեջ ներ­կա­յաց­ված դիտարկման վերաբերյալ հարկ է նշել, որ գործող օրենսդրական կարգավորումների պայ­մաններում ևս անհաղթահարելի ուժի պարագայում իրա­վախախ­տում կատարելը չի առա­ջացնում վարչական պատասխանատվություն, քանի որ պա­տասխանատվության վրա հասնելն oրենսդիրը պայմանավորել է մեղքի առկա­յու­թյամբ` օրենսգրքի 9-րդ հոդվածում սահմանելով, որ «Վարչական իրավախախտում է հա­մարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատաս­խանատվություն:»:                        

Այլ կերպ ասած, վարչական պատասխանատվություն առաջանալու համար անհրա­­ժեշտ պայման է այն, որ անձը  գիտակցել է իր արարքի հակաօրինականությունը կամ թեև չի գիտակցել, բայց կարող էր գիտակցել իր արարքի հակաօրինականությունը կամ ղե­կա­վա­րել այն: Անձի մեղավորությանը վերագրվող նշված պայմաններն առկա չեն անհաղ­թա­հա­րելի ուժի պայմաններում, երբ արարքը կատարվում է անձի կամքից անկախ:

Հարկ է նշել, որ թեև օրենսգիրքը, որպես վարչական պատասխանատվությունը բա­ցա­ռող հանգամանք, ուղղակիորեն չի նախատեսել անհաղթահարելի ուժը, այնուա­մենայնիվ, օրենս­գրքի մի շարք կարգավորումների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս փաս­տել, որ անհաղթահարելի ուժի պայմաններում վարչական իրավախախ­տում կատա­րե­լը, երբ առկա չէ անձի մեղավորությունը, չի առաջացնում վարչական պատասխանատ­վու­թյուն:

Միաժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նա­խա­գիծն այս առումով հստակություն է մտցրել` անհաղթահարելի ուժը դիտարկելով որպես վար­չական պատասխանատվությունը բացառող հանգամանք.

2) «բ» կետով առաջարկվող փոփոխու­թյա­ն, դրա կապակցությամբ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված օրենսգրքի և «Ճանապարհային երթևեկության ան­վտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի դրույթների միջև առկա առերևույթ հակասության վերա­բերյալ հայտնում ենք, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և հա­կառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպ­տեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 11 հավելվածի 12-րդ կետի համաձայն թեթև մար­դա­տար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տա­ռե­րի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանս­պոր­տա­յին միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդ­ներին՝ մեկ հա­մա­րանիշ: Այսինքն, սահմանվում է համարանիշերի տրամադրման երկու ռեժիմ` կախված տրանսպորտային միջոցի տեսակից: Հետևաբար, «Ճանապարհային երթևեկության ան­վտան­գության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդ­վա­ծի 1-ին մասի «ը» կետով նախատեսված կարգավորումը ևս, տրանս­պորտային միջոցի տեսա­կով պայմանավորված, պետք է դիտարկել տարբեր կերպ:

Այս մեկնաբանությունների համատեքստում օրենսգրքի 123.5-րդ հոդվածի և «Ճա­նա­պարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի միջև հակասություն չկա:

Տեղին է նշել, որ նախագծով առաջարկվող դրույթը խնդրահարույց է ճանապար­հա­յին երթևեկության անվտանգության ոլորտի մի շարք այլ իրավախախտումների (օրինակ` տե­սանկարահանող սարքով արձանագրվող) տեսանկյունից: Չի բացառվում, որ անձը դի­տա­վորյալ հանի, օրինակ, դիմացի համարանիշը և գերազանցի թույլատրելի արագությունը` օգտվելով այն հանգամանքից, որ համարանիշի բացակայության պայ­ման­ներում հնարավոր չի լինի նույնականացնել տրանսպորտային միջոցը և արձանա­գրել իրավախախտումը:

Հարկ է նշել նաև, որ քննարկման առարկա դրույթի վերաբերյալ նախագծի հիմ­նա­վոր­ման մեջ ներկայացված մտավախությունն անհաղթահարելի հանգամանքների վերա­բեր­յալ ևս սպառվում է գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում:

2.Նախագծի 2-րդ հոդվածով օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող տրանս­­պոր­տային միջոցի վարորդի կողմից՝

1) աղբ նետելու պատասխանատվության վերաբերյալ հայտնում ենք, որ թե՛ օրենս­գիրքը, թե՛ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախա­գիծը սահմանում են վարչական պատասխանատվություն ոչ միայն տրանսպորտային միջոցի վարորդի, այլև ուղևորի կողմից տրանսպորտային միջոցից աղբ կամ այլ առարկաներ նետելու համար.

2) ձայնային ազդանշանի կիրառման կանոնները ժամանակային առումով տար­բե­րա­կելը հիմնավորված չէ: Ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախ­տելու ան­մի­ջական օբյեկտը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահով­ման ոլորտի հասարակական հարաբերություններն են, ինչն ուղղակիորեն բխում է նաև օրենսգրքի 124-րդ հոդվածի վերնագրից: Հետևաբար, գիշերային ժամերին ձայնային ազդա­նշան­ների կի­րառման կանոնները խախտելու համար առավել խիստ պատասխա­նատվություն նա­խա­տե­սելն անհրաժեշտ է ծանրակշիռ հիմնավորել հենց ճանապար­հային   երթևեկության ան­վտան­գության տեսանկյունից: Նախագծի հիմնավորման մեջ նշված քաղաքացիների հան­գիս­տը խախտելու վերա­բերյալ դրույթներն ընդ­գրկված են օրենս­գրքի հասարակական հա­րա­բերությունների դեմ ուղղված իրավախախտումների այլ հոդ­վածներում: Մասնա­վորա­պես, օրենսգրքի 180-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում լռությունը խախ­տելու համար, որը ներառում է նաև գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) ձայնային ազդանշաններ տալը, որը կապված չէ անհետա­ձգելի անհրա­ժեշ­տու­թյան հետ:  Ընդ որում, վարչական իրավախախտումների վերաբեր­յալ նոր օրենսգրքի նա­խագծով վերանայվել է օրենսգրքի նշված հոդվածով նախա­տես­ված սանկցիան` նախա­զգու­շացման փոխարեն նախատեսելով տուգանք, իսկ նույն արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառ­նա­լուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը դիտարկվել է որպես ծանրացնող հան­գամանք` կրկնակի սանկցիայով:

Ամփոփելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծով քննարկվող հոդվածներում փոփոխու­թյուններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկում է դրանք թող­նել անփոփոխ: