<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի նախագծի (Կ-2681-15022018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ

 

1) Նախագիծի լրացնել նոր 9.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 9.1           Լիազորագիր ներկայացնելու պարտականությունը

ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք պետք է նոտարական կարգով լիազորեն Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չեն կարող լինել բարձրաստիճան պաշտոնյա»:

2) Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխել և շարադրել հետևյալ կերպ․

«2․ Պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք են համարվում պաշտոնատար անձի հետ գրանցված կամ փաստացի ամուսնության մեջ գտնվող ամուսինը, իր կամ ամուսնու հետ՝ ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք։ Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները:»

3) Նախագծի 30-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած մասնակցության (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) հավատարմագրային կառավարիչ չի կարող լինել սույն օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի հետ փոխկապակցված անձը։»

4) Նախագծի 30-րդ հոդվածի 5-րդ մասում առկա «գույքի» բառից հետո լրացնել «, ծախսերի» բառը, «պարտավոր են» բառերից հետո լրացնել «դրամական միջոցներով ծախսեր կատարելը» բառերը, «կամ տրվող» բառերից հետո լրացնել «կամ ծախսվող» բառերը.

5) Նախագծի 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում առկա «100.000» բառը փոխարինել «50.000» բառով.

6) Նախագծի 32-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխել և շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է՝ հիմք ընդունելով նվերի միջին շուկայական գինն` անկախ նվեր ստացողի իմացությունից:»

7) Նախագծի 29-րդ հոդվածի 9-րդ մասում «կարող է առաջացնել» բառերը փոխարինել «առաջացնում է» բառերով.

8) Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանակի վրա» բառերից հետո լրացնել «կամ եթե իրավիճակը բխում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնեական կարգավիճակից կամ տվյալ պաշտոնը մեկ այլ անձի կողմից զբաղեցված լինելու դեպքում անխուսափելի կլիներ այդ շահը» բառերը.

9) Նախագծի 34-րդ հոդվածը լրացնել նոր 1.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Վերադաս անձը (անմիջական ղեկավարը) պետք է գրավոր համաձայնություն տա կամ տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարի այլ պաշտոնատար անձի շահերի բախման վերաբերյալ գրավոր հայտարարությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:»

10) Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «եկամուտների հայտարարագիր» բառերից հետո լրացնել «ծախսերի հայտարարագիր» բառերը:

11) Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը փոփոխել և շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1. Հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:»

12) Նախագիծը լրացնել նոր 39.1 հոդվածով հետրյալ բովանդակությամբ.

«Հոդված 39.1.      Ծախսերի հայտարարագրման բովանդակությունը

  1. Հայտարարատու պաշտոնատար անձի ծախսերի հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում դրամով կամ արտարժույթով կատարված 2 միլիոն դրամը գերազանցող ծախսերը:

Սույն օրենքի իմաստով հայտարարագրման ենթակա ծախս է համարվում ճամփորդությունը, խնջույքը:»

13) Նախագիծի լրացնել նոր 39.2 հոդվածով հետրյալ բովանդակությամբ.

«Հոդված 39.2     Պարտադիր քննության ենթակա հարցեր

Պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովում ենթարկվի հրապարակային և դռնբաց քննության»:

14) Նախագծի 42-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Անչափահասի հայտարարագիրը հրապարակման ենթակա չէ» բառերը.

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Սույն առաջարկների հիմնավորումները ներկայացվում են ըստ առաջարկների հերթականությամբ:

1) Հայաստանյան իրականության մեջ տարածված է այն երևույթը, որ պաշտոնյաներն իրենց գույքը, դրամական միջոցները պահում են արտերկրում, և որպեսզի հնարավոր լինի վերահսկել այդ ունեցվածքի ծագումնաբանությունը, առաջարկում ենք լիազոր մարմնին տալ հնարավորություն աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում հանրային ծառայողի անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իր անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իր անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չեն կարող նշանակվել/ընտրվել բարձրաստիճան պաշտոնյա:

2) Նախագծում համապատասխան հոդվածում փոխկապակցված անձանց շրջանակից դուրս է մնացել ամուսինը՝ որպես պաշտոնատար անձի հետ անմիջականորեն փոխկապակցված անձ, ընդ որում, անկախ գրանցված կամ փաստացի ամուսնության մեջ գտնվելու փաստից: Նշված առաջարկությամբ հստակեցվում է /որոշակիացվում է անձանց շրջանակը:

3) Հավատարմագրային կառավարման ինստիտուտի էությունն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը իր մասնակցությունը (բաժնեմասը, փայը) հանձնի հավատարմագրային կառավարմանը և այդպիսով լուծի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու խնդիրը: Սույն առաջարկով սահմանվում է այնպիսի մեխանիզմ, որը ողջամտորեն կբացառի պաշտոնյայի՝ հավատարմագրային կառավարչի վրա ազդելու լծակները:

4) Առաջարկվում է նախագծում ավելացնել նաև ծախսերի հայտարարագրումը, քանի որ նշված հայտարարագրում առկա տեղեկությունները լայն հնարավորություն կտան հայտարարատուի գույքի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու և էլ ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար:

5) Նախագծով սահմանված նվերի գնային շեմն առաջարկվում է նվազեցնել, քանի որ նշված չափը խիստ բարձր է և համադրելի չէ այսօր գործող նվազագույն աշխատավարձի շեմի հետ:

6) Նախագծի կարգավորումներից բխում է, որ նվերի գնի որոշումը պայմանավորվում է ստացողի իմացությամբ և, եթե ստացողն իրապես չգիտեր կամ պնդում է, որ չգիտի և

չէր կարող իմանալ նվերի շուկայական գինը, ապա դրա որոշման հնարավորությունը դրվում է կասկածի տակ: Առաջարկում ենք նախագծում անել փոփոխություն և նվերի արժեքը գնահատել հիմք ընդունելով նվերի միջին շուկայական գինը` անկախ նվեր ստացողի իմացությունից:

7) Կարծում ենք, որ վարքագծի կանոնների խախտումը հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնատար անձնաց համար, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, ոչ թե կարող է, այլ` պետք է առաջացնի կարգապահական պատասխանատվություն:

8) Նախագծում հստակ չէ, որ մասնավոր շահերով առաջնորդվել չպետք է համարվի նաև այն իրավիճակը, որը բխում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնեական կարգավիճակից կամ տվյալ պաշտոնը մեկ այլ անձի կողմից զբաղեցված լինելու դեպքում անխուսափելի կլիներ այդ շահը: Ուստի առաջարվում է լրացնել նախագիծը այդ կարգավորումներով:

9) Նախագծում առկա չէ ժամկետային կարգավորում վերադաս անձի (անմիջական ղեկավարի) կողմից գրավոր համաձայնություն տալու կամ տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը այլ պաշտոնատար անձի հանձնարարելու համար, ուստի առաջարվում է նախատեսել մեկամսյա ժամկետ` ողջամտության պահանջը ապահովելու համար:

10) Տե՛ս դ) կետը:

11) Հաջորդ առաջարկի էությունն այն է, որ բացի հայտարարատու պաշտոնատար անձանցից նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք ևս հայտարարագրեր ներկայացնեն հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ: Այս առաջարկը բխում է հայտարարագրման ինստիտուտի էությունից, սկզբունքներից, ուղղված է համադրում և վերլուծություն կատարելու՝ վերահսկողություն իրականացնելու համար լայն հնարավորությունների ստեղծմանը:

12) Տե՛ս դ) կետը:

13)Այս պարտավորությունը Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին հնարավորություն կտա ստանալ պարզաբանումներ, թե ինչպես են ծագել պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքը, դրամական միջոցները, բաժնեմասերը և բաժնետոմսերը, որոնց գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը:

14) Նախագծով սահմանվել է անչափահասի հայտարարագրի ոչ հրապարակային ռեժիմ: Այս կարգավորումը արդարացված չէ, այն կարող է գործիք դառնալ իրական ունեցվածքը թաքցնելու համար: