«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի (Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված լրացման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետով սահմանված է. «46) բժշկական հաստատության դեղատուն` բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է դեղատնային գործունեություն բժշկական հաստատության կարիքների համար, բացառությամբ դեղերի իրացման: Բժշկական հաստատության դեղատան շրջանակներում իրականացվող գործունեությունը ենթակա է լիցենզավորման բժշկական օգնության և սպասարկման գործունեության համապատասխան տեսակի շրջանակներում»: Հետևաբար, բժշկական հաստատության դեղատունը չունի առանձին իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ, այլ հանդիսանում է բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում և դեղատնային գործունեությունն իրականացնում է բժշկական հաստատության կարիքների համար: Մինչդեռ, նախագծով նախատեսված լրացմամբ առաջարկվում է առանց օրենքով նախատեսված մեծածախ իրացման լիցենզիայի առկայության, Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք վերապահել նաև բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող անձին, ընդ որում առանց հստակեցնելու ներմուծման նպատակը (բժշկական հաստատության կարիքների համար կամ դեղերի մեծածախ կամ մանրածախ իրացման համար կամ այլ նպատակով), ինչն ընդունելի չէ:
- Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացման մեջ առաջարկում ենք՝
1) «և» շաղկապներն փոխարինել «կամ» շաղկապներով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված դրույթների պայմաններում նախագծով առաջարկվող կարգավորումը կիրառելի կլինի թվարկված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչը, գտնում ենք, չի բխում նախագծի նպատակներից.
2) «որդեգրող ծնող» և «որդեգրված երեխա» բառերը հանել, քանի որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Հետևաբար, «ծնող» և «որդեգրող ծնող», ինչպես նաև «երեխա» և «որդեգրված երեխա» հասկացությունների տարանջատումը չի բխում օրենքի պահանջից.
3) անդրադառնալ խորթ ծնողներին, քանի որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 85-րդ հոդվածը սահմանում է խորթ հորը և խորթ մորը պահելու խորթ զավակների պարտականությունը, ըստ որի, օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ ծնողներն իրավունք ունեն դատական կարգով պահանջել դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։ Այլապես ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը, անգամ ցանկության բացակայության դեպքում, սահմանում է դատական միջամտությամբ խորթ ծնողներին պահելու խորթ երեխաների պարտականությունը, մինչդեռ նախագծային կարգավորումների պայմաններում խորթ երեխան ցանկության դեպքում անգամ չի կարողանա անհրաժեշտ դեղորայք ներմուծել խորթ ծնողի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առկա տեղեկատվությունը հնարավորություն չի տալիս գնահատելու նախագծով առաջարկվող ընտանիքի անդամներ համարվող սուբյեկտների հենց նախագծով ընտրված շրջանակի հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը:
Ելնելով նշվածից` առաջարկում ենք վերանայել նախագծի իմաստով ընտանիքի անդամների շրջանակը: