«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-323-30.05.2018-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունում շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով տրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկությանը նմանատիպ՝ առավել համապարփակ կարգավորում: Նշված օրենքի նախագիծն առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո օրենսդրական նախաձեռնությամբ կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այդ կապակցությամբ օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ իրենց օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:
Այդուհանդերձ, անհրաժեշտ է ներկայացված օրենքի նախագծի՝
1) վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների.
2) 1-ին հոդվածից «խմբագրությամբ`» բառից հետո հանել «հետևյալ բովանդակությամբ`» բառերը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների.
3) 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջների: