«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ-
ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-009-31.01.2019-ՊԻ-011/0)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱ-
ՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն ընդունելի չի համարում՝ ստորև ներկայացված նկատառումներով`
- Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ «դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ», ինչը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից և չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը։ Ուստի՝ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների և իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում։
Հարկ ենք համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարող է որպես հակակշռող և զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձև ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչապետը) և նշանակումը հաստատողը (խորհրդարանը) ձևավորվում են միմյանցից անկախ ընտրակարգերով և մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում։ Գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման և զսպման մեխանիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գործադիր իշխանության ձևավորման և դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատկանում է բացառապես խորհրդարանին։
Բացի դրանից, պարզ չէ՝ որն է նախքան դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումն արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի անդամների հետ առաջադրված անձանց հանդիպման իրավական հետևանքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն նախագծի՝ առաջադրված դիվանագիտական ներկայացուցչի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ունենալու է սոսկ խորհրդատվական նշանակություն:
- Նախագծով առաջարկվող հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և (կամ) դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպելու լիազորությունն արդեն իսկ նախատեսված է գործող օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ մշտական հանձնաժողովի լիազորություններից է խորհրդարանական վերահսկողությունը, որի շրջանակներում հանձնաժողովն ազատ է կազմակերպելու նշված հանդիպումները:
Բացի դրանից, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ «Դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով՝ հանդիպման կամ աշխատանքային քննարկման»։
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի «Մշտական հանձնաժողովները» վերտառությամբ 5-րդ գլխով կարգավորվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, այդ գլխով նախատեսված կարգավորումներն ընդհանուր են բոլոր մշտական հանձնաժողովների համար և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի լիազորություններն առանձին սահմանելու անհրաժեշտությունը չկա: