«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-017-21.02.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումների՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Նշված կարգավորումն ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածում:

Նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ անձանց՝ տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը սահմանափակվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության շրջանակով, հետևաբար  նախագծով նախատեսված կարգավորումը՝ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ սեղմ ժամկետում պատգամավորի ընդունելության իրավունքի, այդ թվում՝ վերջիններիցս տեղեկատվության ստացման մասով, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նշված կարգավորումներին:

Բացի դրանից, հարկ է նշել նաև, որ նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում օգտագործվող «հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարներ» հասկացությունը չի համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, իրավական դիրքորոշում է հայտնել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: Մասնավորապես, իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն, ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղել իր վարքագիծը:»։

Նշված համատեքստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2016 թվականի ՍԴՈ-1322 որոշման մեջ իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ «․․․իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «․․․իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերության բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի և իրավաչափ»: