«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ   ԺԱՄԱՆԱԿ   ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ   ԿՅԱՆՔԻՆ   ԿԱՄ    ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ  ՊԱՏՃԱՌՎԱԾ  ՎՆԱՍՆԵՐԻ  ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-035-01.03.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքների նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները.

  1. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ գլխում, որի պահանջների համաձայն՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլանային բուժզննումներ: Խորացված բժշկական քննության են ենթարկվում սպայական, ենթասպայական կազմերի և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայողները` տարեկան 1 անգամ` զինվորական բուժհիմնարկներում, իսկ պլանային բուժզննման են ենթարկվում շարքային կազմի պարտադիր զինծառայողները` տարեկան 2 անգամ` ուսուցման ձմեռային և ամառային փուլերից առաջ: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները խորացված բժշկական քննության կարող են ենթարկվել` ելնելով առողջական վիճակից: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ զինծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության կարգի 91-րդ կետի պահանջների համաձայն՝ ռազմաբժշկական փորձաքննության բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը եզրակացություն է կայացնում ծառայության հետ հիվանդության, վնասվածքի կամ խեղման զինվորական ծառայության հետ պատճառական կապի մասին, 101-րդ և 102-րդ կետերի համաձայն՝ հիվանդության պատճառով զինված ուժերից զորացրված, բայց ԿՌԲՀ-ի եզրակացություն չունեցող նախկին զինծառայողների ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապը ԿՌԲՀ-ի կողմից քննարկվում և հաստատվում է միայն ռազմաբժշկական փորձաքննության մարմինների եզրակացության հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում: Զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձնական եզրակա-ցությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից: Նույն կարգի 93-րդ կետի համաձայն՝ ԿՌԲՀ-ն զինվորական ծառայության հետ պատճառական կապը սահմանելիս տալիս է հետևյալ եզրակացությունները`

1) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական ծառայության ընթացքում.

2) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով.

3) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ.

4) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ.

5) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ.

6) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ.

7) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, որի 1-ին հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ բացի հաշմանդամություն ունեցող անձանցից, այդպիսիք են հանդիսանում նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիա-լական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):

     Վերը նշված իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից (ներառյալ՝ պարտադիր զինծառայությունից) հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշման և առողջական վիճակի վերականգնման  գործընթացի վերաբերյալ: Բացի դրանից, առաջարկված ձևաչափով պարտադիր բժշկական հետազոտությունների և փորձաքննության իրականացումն իրատեսական չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորացրվում են մի քանի հազար քաղաքացիներ, որի պարագայում, եթե նախագծի հեղինակների պատկերացմամբ այդ գործընթացն իրականացվելու է զինվորական կոմիսարիատների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից, ապա այն բավականին բացասական ազդեցություն է թողնելու նշված մարմնինների բնականոն գործունեության վրա՝ հաշվի առնելով թե՛ բուժման գործընթացում գտնվող զինծառայողների ծավալները և թե՛ այն հանգամանքը, որ զինկոմիսարիատներն ամբողջ տարվա ընթացքում իրականացնում են զինվորական հաշվառման (կցագրման) գործընթաց, իսկ յուրաքանչյուր զորակոչի բժշկական ապահովման գործընթացը սկսվում է նախկին զորակոչի ավարտից գրեթե անմիջապես հետո (համապատասխանաբար մարտ և սեպտեմբեր ամիսներից սկսած):

  1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված է, որ բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որի մեջ նշվում է նախքան զորակոչը և առկա առողջական վիճակի համեմատական վերլուծությունը, զինվորական ծառայության ընթացքում առաջացած առողջական վիճակի հնարավոր վատթարացումը, զինվորական ծառայության ընթացքում առաջացած առողջական վիճակի հնարավոր վատթարացման պատճառները, սակայն նախագծում նախատեսված չեն առաջարկվող գործընթացի իրականացման կարգի, ինչպես նաև նախքան զորակոչը և առկա առողջական վիճակի համեմատական վերլուծության և հնարավոր վատթարացման պատճառների բացահայտման չափորոշիչների վերաբերյալ կարգավորումներ: Բացի դրանից, միայն զորացրված զինծառայողների առողջական վիճակի գնահատման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշումով զորակոչիկների արտահիվանդանոցային փորձաքննության համար հաստատված ծավալներով իրականացնելու դեպքում միայն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով նախնական հաշվարկներով կպահանջի շուրջ 150 մլն դրամի լրացուցիչ ծախս (չհաշված հիվանդանոցային փորձաքննությունները և բուժումը, որոնց քանակը հստակ կանխատեսելի չէ):

Միաժամանակ, գտնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն առնչություն չունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկայի հետ, քանի որ եթե պետության կողմից անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացն իրականացվում է սահմանված կարգով համապատասխան բժշկական հաստատություններում պետական պատվերի տեղադրման միջոցով, ապա նշված օրենքով սահմանված իրավահարաբերությունները կոչված են փոխարինելու պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում իրականացվող գործընթացը՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածների 4-րդ մասերի պահանջների, որի շրջանակներում շահառու անձի հաշվեհամարին են փոխանցվում օրենքով սահմանված ամսական գումարներ: Արդյունքում նախագծի ընդունումը հանգեցնելու է պետական բյուջեի միջոցների հաշվին պետական պատվերի տեղադրման անհրաժեշտության:

  1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առաջնային և հիմնական նպատակն է եղել և կա արժևորել այն պայմանները, որոնց ժամանակ և պատճառով զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, ի դեմս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու: Եթե նշված պայմանների շարքում լրացնում ենք ընդհանրապես զինվորական ծառայության ժամանակը, ապա անիմաստ է դառնում այդ պայմանների հատուկ սահմանումը, քանի որ դրանք բոլորը կարող են ծագել բացառապես զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակ: Այդ առումով անիմաստ է դառնում լրացման կատարումը. օրենքում սահմանված պայմաններն ուղղակի պետք է փոխարինվեն զինվորական ծառայության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման դեպքերով՝ պատճառական կապի առկայությամբ: Դրա արդյունքում կվերանա օրենքի վերը նշված նպատակը, օրենքը փաստացի կդառնա զինծառայողների պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում՝ հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում զինվորական կենսաթոշակներին փոխարինող, վնասների հատուցման մասին օրենք, ինչը կարծում ենք՝ նախագծի հեղինակների մտադրությունից դուրս է:

Հետագայում, համալիր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքով հնարավոր է անդրադառնալ նման մոտեցման կիրառման պետական քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է առողջական վիճակի վատթարացումն որպես հասցված վնասի հանգամանք (դեպք) սահմանելու առաջարկությանը, ապա դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ օրենքը վնասների հատուցում է նախատեսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու հետևանքով աշխատունակության կորստի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության առաջացման դեպքում՝ առանց տարանջատում դնելու, թե՛ դա տեղի է ունեցել լրիվ առողջ, թե՛ առողջական խնդիրներ ունեցող և զինվորական ծառայության ընթացքում առողջական վիճակը վատթարացած զինծառայողի մոտ:    

Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զինվորական ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին հավելվածի 25-րդ կետում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրավունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում:   

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտ համապատասխան փոփոխությունները և լրացումները կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2017 թվականի փետրվարի     2-ի N 86-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշումներում: