«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-92-4.04.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով այսուհետ` նախագիծ առաջարկվում է`

1) ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները,

2) կենսաթոշակը (հետևաբար՝ նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները) լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն,

3) ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ չվճարելու դեպքում՝ կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը։

4) նախագծի ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, ՀՀ կառավարությունը գործարկում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգ,

5) օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմին ներկայացված և ուժի մեջ գտնվող լիազորագրերը համարվում են 15 տարով տրված:

ՀՀ կառավարությունը ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ստորև ներկայացնում է իր դիտողությունները՝ ըստ հերթականության.

  1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը), կենսաթոշակի վճարումը շարունակելու համար, պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Միաժամանակ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ ծանր անկողնային հիվանդ քաղաքացին, որի ծերության կենսաթոշակը ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկից հրաժարվում են գալ և ստորագրություն վերցնել նոր քարտ տրամադրելու համար, իսկ տվյալ քաղաքացու համար անձամբ ներկայանալու տարբերակը ևս չի գործում: Այս կապակցությամբ կարծում ենք, որ վերոնշյալ դրույթը ուժը կորցրած ճանաչելու դեպքում բաց կմնա անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուներին իրավասու մարմինների ներկայացուցիչների այցելության կարգի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը:

Ընդ որում՝ ներկայումս շրջանառվող՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով կարգավորվում է այդ հարցը` օրենքի պահանջ սահմանելով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունն անձամբ ստորագրելը և բանկ ներկայացվելը (վերացվում է անձամբ բանկ ներկայանալու պահանջը):

  1. Հարկ է նկատի ունենալ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն տալուն և ոչ թե՝ ողջ լինելուն: Այսինքն՝ խնդիրն առաջին հերթին Հայաստանում բնակվող կենսաթոշակառուների սոցիալական ապահովության հարցի լուծումն է: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործող իրավակարգավորումները (քննարկվող դրույթները) և այդ իրավակարգավորումների արդյունքում ձևավորված փաստացի իրավիճակը՝ տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտությունը, հետապնդել են և հետապնդում են հստակ նպատակներ. նվազագույնի հասցնել չարաշահումների հնարավորությունը և արդյունավետ օգտագործել բյուջետային միջոցները՝ ապահովելով կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունությունը։

Ընդ որում՝ ՀՀ ՍԴ 2012 թ. հոկտեմբերի 2-ի N ՍԴՈ-1050 որոշման համաձայն՝ վերը նշված նպատակները գնահատվել են իրավաչափ, իսկ գործող իրավակարգավորումները՝ ողջամիտ՝ արձանագրելով, որ կիրառվող սահմանափակումները համաչափ են հետապնդվող նպատակներին։

Կարծում ենք՝ անհրաժեշտ է հիմնավորել նախագծի հեղինակների կողմից ժամկետի՝ հենց 15 տարի նախատեսելու հանգամանքը, մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչու 10 կամ այլ տարի չնախատեսել:

Բացի այդ, այստեղ նույնպես վերաբերելի է իրավասու մարմինների համապատասխան անձանց կողմից կենսաթոշակառու քաղաքացիներին այցելության կարգի մասին հարցը, քանի որ առանց դրա՝ նշված ժամկետով լիազորագրեր տալը կարող է առաջացնել իրավունքի չարաշահումներ: Այս իրողությունը ևս ժամանակի ընթացքում կավելացնի ՀՀ պետական բյուջեի ծախսերը (անհրաժեշտ լրացուցիչ միջոցները հաշվարկել ևս հնարավոր չէ՝ ելակետային տվյալների բացակայության պատճառով)։  

  1. Համաձայն պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության՝ 2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ` 12 ամիս անընդմեջ չվճարելու հիմքով դադարեցվել է 5285 կենսաթոշակի և 3119 նպաստի վճարումը, որոնց վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է տարեկան շուրջ 3,2 մլրդ դրամ, ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունների հետևանքով ՀՀ պետական բյուջեով կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման ծախսն ուղղակիորեն կավելանա տարեկան շուրջ 3,2 մլրդ դրամով։ Առաջարկությունն ընդունվելու դեպքում՝ ժամանակի ընթացքում էապես կմեծանա նաև փաստացի (մշտապես) արտերկրում բնակվող՝ ՀՀ-ից կենսաթոշակ ստացող երկաքաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց թիվը՝ ավելացնելով ՀՀ պետական բյուջեի ծախսերը։ Ընդ որում՝ այս դեպքում անհրաժեշտ լրացուցիչ միջոցները հաշվարկել հնարավոր չէ՝ ելակետային տվյալների բացակայության պատճառով։ Սակայն ակնհայտ է, որ խոսք կարող է լինել տասնյակ հազարների մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի` կենսաթոշակ կամ նպաստ կարող են ստանալ բոլոր տարեց երկքաղաքացիները, որոնք մեկ անգամ այցելել են ՀՀ։

Առաջարկությունն ընդունվելու դեպքում էապես կավելանան նաև կոռուպցիոն ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կենսաթոշակը կարող է վճարվել նաև փաստացի 15 տարի ՀՀ-ից դուրս գտնվող կենսաթոշակառուներին, ինչը նշանակում է, որ տեսականորեն հնարավոր կլինի կենսաթոշակառուի մահվանից հետո նրա կենսաթոշակը վճարել ևս 15 տարի։

  1. Կարծում ենք, որ առավել ճիշտ կլիներ ներմուծել ոչ թե քաղաքացիների մահվան համակարգ, այլ քաղաքացիների՝ ողջ լինելու հավաստման կարգ. գտնում ենք, որ վերջինս կարող է ավելի արդյունավետ ծառայել հետապնդվող նպատակին: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները (այդ թվում՝ մահվան դեպքում) կատարում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները։ Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիների մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ հյուպատոսական հիմնարկներին տրվում է կամավորության սկզբունքով և հիմնականում՝ այն դեպքում, երբ անձը շահագրգռված է մահվան փաստը գրանցելու համար: Ըստ այդմ՝ արդեն իսկ գործում է համապատասխան համակարգ։
  2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Այսինքն՝ այն ներկայացուցչությունը հավաստող ապացույց է, իսկ ներկայացուցչական հարաբերությունները ֆիդուցիար, այն է՝ վստահության վրա հիմնված հարաբերություններ են, որոնք կարգավորվում են ներկայացուցչի և ներկայացվողի փոխադարձ համաձայնությամբ, հետևաբար փոխադարձ համաձայնությամբ էլ որոշվում են նրանց միջև ներկայացուցչական հարաբերությունների ժամկետները: Ուստի կածում ենք՝ որպեսզի անձի կողմից տրված լիազորագիրը համարվի 15 տարով տրված, առաջին հերթին անհրաժեշտ է այդ անձի համաձայնությունը, հակառակ դեպքում դա կոտնահարի անձի ազատ կամահայտնությունը: Բացի այդ, երկարաժամկետ լիազորագրի տրամադրումը հղի է լուրջ ռիսկերով տեղաշարժման սահմանափակում (աջակցության կարիք) ունեցող անձանց համար՝ նրանց կախվածության մեջ դնելով այն անձից, որին մեկ անգամ տվել է լիազորագիր:

Մյուս կողմից կարծում ենք, որ նախագծով օրենքին հետադարձ ուժ տալը բխում է կենսաթոշակառուների շահերից: Սակայն նման բարելավումը պետք է անպայման զուգորդվի անձի կամահայտնության հաշվառմամբ: Ուստի գտնում ենք, որ նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող գործել, քանի դեռ դրանում չկա համապատասխան կարգավորում՝ ներկայացվողի կողմից լիազորագրի ժամկետը երկարացնելու համաձայնության մասին:

Ամփոփելով՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ: