«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-086-03.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են հնգօրյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը միտված է պատգամավորի գործունեությունն արդյունավետորեն կազմակերպելուն: Այդ նպատակով առաջարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համանմանությամբ նախատեսել հնգօրյա ժամկետ պատգամավորի գրավոր հարցմանը կամ առաջարկին պատասխանելու համար: Ընդ որում, որպես ուղենիշ դիտարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ անձանց գրավոր հարցումներին պատասխանելու ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է պատգամավորի գրավոր հարցումներին կամ առաջարկներին գրավոր պատասխանելու ժամկետներին:
Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են հետևյալ պատճառներով՝
- «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը, ինչից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն ազատ է դիմելու տեղեկատվություն ստանալու համար՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և հայցելով այն տեղեկատվության տրամադրումը, որը ներառված է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման շրջանակում:
«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, սահմանելով գրավոր կարգով տեղեկատվության տրամադրման հնգօրյա ժամկետ, միևնույն ժամանակ նախատեսել է այն տեղեկությունների ծավալը, որը թույլատրելի է տրամադրել այդ ժամկետում: Ինչպես բխում է նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից, խոսքը ցանկացած տեղեկատվության մասին է, եթե այն՝
ա. չի պարունակում պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
բ. չի խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
գ. չի պարունակում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները,
դ. չի բացահայտում մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
ե. չի խախտում հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Այսինքն, անձը, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, կարող է ստանալ միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն հանդիսանում նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափա-կումներ:
Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկներով դիմելու պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց:
Ինչպես բխում է վերոնշյալ նորմից, պատգամավորը կարող է ցանկացած հարցմամբ կամ առաջարկով դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց: Այսպիսով, սույն դրույթում սահմանափակումները չեն նույնանում «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումների հետ: Մասնավորապես, «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն տեղեկատվություն տնօրինողը՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք): Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:
Նույն օրենքի 122-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները մշտական հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Մշտական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:
Մեջբերված հոդվածների ուսումնասիրությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կարող է տրամադրվել նաև պետական, ծառայողական, առևտրային, բանկային, ինչպես նաև բժշկական, նոտարական, փաստաբանական և այլ գաղտնիք: Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումներով օրենքով պահպանվող գաղտնիք պարունակվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է:
Հաշվի առնելով տրամադրվող տեղեկատվության բովանդակային ծավալը՝ օրենքը պատահականորեն չէ, որ սահմանել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր չհանդիսացող անձի համար տեղեկությունների տրամադրման տարբեր ժամկետներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին տեղեկությունների տրամադրման առավել երկար ժամկետի նախատեսումը պայմանավորված է նաև նրա հարցման կամ առաջարկի հետ կապված առավել հանգամանալից ուսումնասիրության, հարցումների և այլ աշխատանքների կատարման հանգամանքով, քանի որ շատ դեպքերում տեղեկատվության տնօրինողը ոչ թե մեկ, այլ մի քանի պետական կառավարման մարմիններ կարող են լինել: Այդ առումով տեղեկատվության տրամադրումը շատ դեպքերում պահանջում է լրացուցիչ աշխատանքների իրականացում: Հենց այդ պատճառով է, որ օրենսդիրը նախատեսել է երեքշաբաթյա ժամկետ:
- Հաջորդ պատճառը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հարցմանը պատասխանելու համար հնգօրյա ժամկետի նախատեսման ոչ նպատակահարմարության հետ կապված այն է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, սահմանելով երեքշաբաթյա ժամկետ պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը քննարկելու և դրանց պատասխանելու համար, չի սահմանափակել իրավասու պաշտոնատար անձանց իրավունքը՝ տրամադրելու անհրաժեշտ տեղեկությունները մինչև երեքշաբաթյա ժամկետի լրանալը: Այսինքն, եթե հարցվող տեղեկությունն իր բնույթով այնպիսին է, որ այն հնարավոր է տրամադրել օրենքով նախատեսվածից ավելի կարճ ժամանակում, ապա իրավասու անձինք կարող են այն տրամադրել՝ չսպասելով առավելագույն ժամկետի լրացմանը: Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումից բխում է, որ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:
Այսինքն, ստացվում է, որ, եթե տրամադրվող տեղեկությունն այնպիսին է, որ դրա տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանքներ (ուսումնասիրություններ, հարցումներ), իրավասու պաշտոնատար անձը պետք է լրացուցիչ նամակով ծանուցի պատգամավորին դրա մասին: Գտնում ենք, որ դա կարող է ոչ միայն առաջացնել լրացուցիչ նամակագրական աշխատանքներ, այլև դնել իրավասու անձի վրա լրացուցիչ պարտականություն՝ գրավոր հիմնավորում տալու յուրաքանչյուր կոնկրետ հարցման կամ առաջակի կապակցությամբ:
Մինչդեռ օրենքի գործող կարգավորմամբ իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան: Ինչպես ցույց է տալիս «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուսումնասիրությունը, նշված երեքշաբաթյա ժամկետը հետաձգելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ, նույնիսկ եթե առկա է այդ առնչությամբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն:
Վերոգրյալից բխում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք թեև սահմանափակված չեն հարցվող տեղեկությունները տրամադրելու երեքշաբաթյա ժամկետից շուտ, սակայն միևնույն ժամանակ սահմանափակված են տրամադրելու այդ տեղեկությունները երեքշաբաթյա ժամկետից ուշ: Այսինքն, բոլոր աշխատանքները և ուսումնասիրությունները՝ կապված պատգամավորի հարցմանը կամ առաջարկին պատասխանելու հետ, պետք է ցանկացած դեպքում կատարվեն նշված ժամկետում, ինչը նշանակում է, որ գործող կարգավորումը լրացուցիչ նամակագրական աշխատանքների կատարման և պատասխանը տրամադրելու հետաձգման պատճառների հիմնավորման պահանջով չի ծանրաբեռնում իրավասու պաշտոնատար անձանց՝ միաժամանակ նախատեսելով երեքշաբաթյա ժամկետն անշեղաբար պահպանելու պարտականություն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ: