Առաջարկություններ
‹‹Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի հոդված 1.2-ը նվիրված է օրենքի առարկա հանդիսացող բնագավառում 2017-2020թթ պետական քաղաքականության հետապնդվող նպատակների շարադրմանը: Այս համատեքստում առաջարկվում է նախագծի նշված մասում ավելացնել նոր 2.1 և 2.2 ենթակետեր հետևյալ բովանդակությամբ՝
1) երկրի տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանում,
2) ընկերություններում ընդունված որոշումների տնտեսական հետևանքների համար պատասխանատվության բարձրացում և ընկերությունների արդյունավետության խթանում,
Նախագծի 1.2.1 ենթակետը վերահամարակալել 1.2.3:
Միաժամանակ նախագծի 1.2 մասի 2-րդ ենթակետում ամրագրված ‹‹մասնավորեցման ձևերի կիրառումը›› թեզը որևէ կերպ չի կարող որակվել որպես քաղաքականության նպատակ: Մասնավորեցման ձևերը միջոց են քաղաքականության նպատակին հասնելու համար: Այդ պատճառով տվյալ ենթակետը կարիք ունի վերախմբագրման: Օրենքի կողմից հետապնդվող նպատակների համատեքստում վերախմբագրման կարիք ունի նաև նախագծի նշված մասի 3-րդ ենթակետը: Առաջարկվում է նշված ենթակետերը վերահամարակալել և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
4) մասնավորեցման ենթակա օբյեկտի (ընկերության) արդյունավետ սեփականատիրոջ կամ ներդրողի ընտրությունը՝ վերջինը երաշխավորող և միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող մասնավորեցման ձևերի և գործիքակազմի (մրցույթ, ներդրումային ֆոնդերի ներգրավում, ուղղակի վաճառք և այլն) օգտագործմամբ,
5) երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացում և մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովում,
Հանել նախագծի 1.2.4 ենթակետը, իսկ 1.2.5 ենթակետը վերահամարակալել 1.2.6:
2.Նախագծի հոդված 3-ում շարադրվում են ծրագրով նախատեսվող մասնավորեցման ենթակա գույքի ընտրության սկզբունքները: Մինչդեռ 3.1.1 և 3.1.3 ենթքակետերի շարադրանքը, այն է ‹‹մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը››, գույքի ընտրության սկզբունք չէ: Նշված հոդվածի կոնտեքստում որպես սկզբունք կարող էր արձանագրվել, օրինակ, պետական ունեցվածքի ոչ արդյունավետ կառավարումը և/կամ ընկերության ոչ մրցունակ լինելու հանգամանքը (գիտաարտադրական և գիտահետազոտական ընկերությունների պարագայում) կամ տվյալ ոլորտում հանրության կարիքների լիարժեք բավարարումը ապահովելու տեսակետից բավարար քանակի մասնավոր ընկերությունների առկայությամբ պայմանավորված պետությանը վերապահված պարտավորությունների կարևորության մակարդակի նվազումը (առողջապահական ոլորտի որոշ ընկերությունների պարագայում): Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածի նշված ենթակետերը վերախմբագրել:
3.Նախագծի հոդված 8-ի 1-ին մասի առաջին նախադասությունը փակագծից հետո շարադրել հետևյալ կերպ՝ ‹‹…կազմում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ››: Բանն այն է, որ նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսվում է, որ նշված աշխատանքների բովանդակությունը ենթակա է կառավարության հաստատմանը, հետևաբար աշխատանքների բովանդակությունը, դե յուրե, սահմանում է կատավարությունը՝ իր որոշմամբ, այլ ոչ թե լիազոր մարմինը:
4.Նախագծում անհրաժեշտ է ամրագրել դրույթ այն մասին, որ ընկերությունների մասնավորեցման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների 30%-ն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջե: Բանն այն է, որ համապատասխան օրենքում ամրագրված է, որ համայնքի վարչական սահմաններում գործող պետական սեփականություն հանդիսացող ընկերության կամ պետական բաժնեմասի օտարման դեպքում համայնքի բյուջե է ուղղվում օտարման արդյունքում առաջացած ֆինանսական ռեսուրսների ‹‹առնվազն 30%-ը››, հետևաբար հարկ է այս օրենքում հստակ սահմանել համայնքային բյուջե մասհանումների կոնկրետ չափաքանակը:
5. Օրենքի նախագծում որևէ նորմ չի ամրագրված այն մասին, որ մասնավորեցված ընկերությունների սեփականատերերը իրավունք չունեն փոխել ընկերության գործունեության հիմնական ուղղությունն ու նրա հանրային նշանակությունը: Այս թեզը հատկապես կարևոր է առողջապահության ոլորտի այն ընկերությունների պարագայում, որոնք կոչված են հանրությանը ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ յուրահատուկ հիվանդությունների գծով:
6. Նախագծի հիմնավորման մեջ ‹‹Ընթացիկ իրավիճակը և խնդիրները›› բաժնում ամրագրված է, որ ‹‹առողջապահական ոլորտի մի շարք ընկերությունների մասնավորեցումը իրականացվում է առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականությանը համապատասխան››: Մինչդեռ առաողջապահության նախարարության կողմից ներկայացված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության մեջ ընդամենը ասվում է, որ ‹‹ընկերությունների մասնավորեցումը կունենա դրական ազդեցություն բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայոությունների որակի, ինչպես նաև դրանց մատչելիության բարձրացման առումով›› և ոչ մի տեղեկանք- հիմնավորում ազգաբնակչության շրջանում տվյալ առողջապահական հիմնարկի ծառայությունների պահանջարկված ծավալի, տվյալ ընկերության ոչ մրցունակ լինելու պատճառների (վերլուծություն), ներկայումս հանրապետությունում առկա կարողությունների գնահատականի, մինչ մասնավորեցումը և դրանից հետո դրանց կողմից մատուցվող ծառայությունների մատչելիության և վերջինիս հնարավոր դինամիկայի, պետպատվերի ծավալների հնարավոր փոփոխությունների մասին, այսինքն հիմնավորումներ, առանց որոնց հնարավոր չէ նմանատիպ (ոլորտից հանրության սպասելիքների բավարարմանը նպաստող) որոշումներ ընդունել: Այլ կերպ ասած, բացակայում է ներկայոումս նախարարության կողմից իրականացվող քաղաքականության որևէ առարկայական հիմնավորում (որին հղում է կատարում նախագծի հեղինակը) և որը հնարավոորություն կտար ըստ էության գնահատել առաջարկվող քաղաքական որոշման տնտեսական նպատակահարմարությունն ու հանրային օգտակարությունը: Սա շատ լուրջ բացթողում է նաև ԱԺ առաջին նիստում Հանրապետության Նախագահի ուղերձի՝ առողջապահության ոլորտին վերաբերող որոշ դրույթների գործնական կիրառումն ապահովեելու նպատակով անհրաժեշտ համակարգային բնույթի երաշխիքներ ձևավորելու տեսանկյունից: Առաջարկվում է, մինչ Ազգային Ժողովի արտահերթ նիստում օրենքի նախագծի քննարկումը, վերջինիս կից ներկայացնել առողջապահության նախարարության կողմից վերը նշված հիմնավորումներն ու հաշվարքները (որոնք, ենթադրում եմ, գոյություն ունեն և օգտագործվել են առողջապահության նախարարության կողմից մասնավորեցման ենթակա ընկերությունների ընտրությունը հիմնավորելու համար):
7. Օրենքի նախագծի հիմնավորման ‹‹Տեղեկանք հասարակության մասնակցության մասին›› բաժնի 2-րդ՝ ‹‹Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին›› ենթաբաժնում հեղինակը ամրագրում է, որ նման մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել: Այս պնդումը առնվազն վիճահարույց է, որովհետև առավել քան ակնհայտ է, որ հանրության համար այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին, օրինակ, առողջապահությունն է, նախապատրաստվում է իրականացնել մի գործընթաց, որի արդյունքներն ուղղակիորեն անդրադարձ են ունենալու հանրության յուրաքանչյուր անդամի կենսական շահերի վրա: Հետևաբար այդ գործընթացը կանոնակարգող օրինագծի նախապատրաստման քննարկումներին ազդեցիկ մասնագիտական ընկերակցություններին և հանրության շահերը հետապնդող հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնելու անհրաժեշտություն չի կարող չառաջանալ (հանրային հետաքրքրությունների մասին է վկայում նաև մամուլում խնդրո առարկային վերաբերող բազմաթիվ անդրադարձերը): Ի դեպ այս հարցը ուղղակիորեն վերաբերվում է առողջապահության նախարարության պատասխանատվությանը: Առաջարկվում է մինչ օրենքի նախագծի քննարկումների սկիզբը ԱԺ լիագումար նիստում նախաձեռնել քաղաքացիական սեկտորի մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ: