ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծերի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի նախագծի 6 հոդվածի գ) կետով առաջարկվում է «բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2006 թ. հուլիսի 1-ը» բառերով, իսկ նախագծի նույն հոդվածի դ) կետով առաջարկվում է «2005 թվականի հուլիսի 1-ից» բառերով: Սա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 3-րդ մասին, որտեղ ասվում է. «Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետեւանքներ չեն առաջացնում եւ իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն)»: Բերված փոփոխությամբ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվում է 2006 թվականի հուլիսի 1-ը: Սակայն միաժամանակ գ) կետով պարտադրում է բնակչությանը հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրում մինչեւ նույն ժամկետը` 2006 թվականի հուլիսի 1-ը, այսինքն մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը: Փաստորեն, դեռեւս ուժի մեջ չմտած օրենքը պարտադրում է … .: Ուստի վերոնշյալ ժամկետները հստակեցման կարիք ունեն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի 2 հոդվածով նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 197 հոդվածից հանել «առանց գրանցման կամ բնակագրման» բառերը: Վերոնշյալ բառերը հոդվածում գրված են երկու տեղ: Առաջինից առաջ կա նաեւ «կամ» բառը, որը եւս պետք է հանել:

Բացի այդ վերոնշյալ բառերը հանելուց հետո հոդվածն աղավաղվում է, տեղի է ունենում բառերի կրկնություն: Ուստի առաջարկում ենքհոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անձնագրային համակարգի կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց կողմից քաղաքացիներին առանց անձնագրերի կամ անվավեր անձնագրերով իրենց զբաղեցրած տարածություններում բնակության թույլատրելը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Մ. Հակոբյան