ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չեն առաջացնում:

Նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:

Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածը լրացնել նոր 6, 7, 8 մասերով: Նշված լրացման 6-րդ մասի համաձայն. « 6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների վրա, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընդունման պահից: »:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության 1-ին եւ 2-րդ նախադասությունների համաձայն. «Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանքվերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների»:

Վերոգրյալից հետեւում է, որ տոկոսադրույքների չափերի փոփոխությունից քաղաքացիների մոտ, մեր կարծիքով, կարող են առաջանալ նոր իրավունքներ եւ պարտականություններ, որոնց պարագայում կարող է առաջանալ հակասություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության հետ:

Նկատի ունենալով, որ Նախագծով ներկայացված վերը նշված փոփոխությունը կարող է ունենալ համապարտադիր բնույթ բոլոր տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար, ուստի, մեր կարծիքով, քննարկման է արժանի նաեւ Նախագծով ներկայացված փոփոխության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 6 հոդվածին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող `
 Հ.Իսրաելյան