ԵԶՐԱԿԱՑՈԻԹՅՈԻՆ

«Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Հրանուշ Հակոբյանի, Հեղինե Բիշարյանի, Ռուդիկ Հովսեփյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Արարատ Մալխասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այ ս ուհետ` Նախագիծ) :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծում առկա են ինչպես խմբագրական, այնպես էլ իրավական բնույթի բազմաթիվ անճշտություններ, բացթողումներ եւ կրկնություններ:

Հարկ է նշել, որ Նախագծի առանձին դրույթներ ուղղակի կամ աղավաղված կրկնում են «Հասարակական կազմակերպությունների մասին»,«Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ մի շարք այլ օրենքների նորմերը:

Օրենսդրական տեխնիկայի հիմնական պահանջներից է նվազագույնի հասցնել միեւնույն հարցի վերաբերյալ եղած նորմատիվ ակտերի քանակը` նորմատիվ նյութի տեսանելիությունը բավարարելու, դրանից օգտվելը հեշտացնելու եւ համակարգելու նպատակով, այլ ոչ թե խճողել եւ անհարկի բարդացնել օրենսդրությունը: Հնարավորության դեպքում մեկ միասնական կամ երկու, երեք ակտերում պետք է լիովին կարգավորվեն իրավունքի որոշակի ճյուղի կամ հասարակական հարաբերությունների որեւէ ոլորտի բոլոր հարցերը:

Ըստ այդմ, առաջարկում ենք Նախագծում արտացոլված դրույթները, Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների առաձնահատկությունների վերաբերյալ, առաջադրել արդեն իսկ գործող հիմնական ակտերում փոփոխությունների եւ լրացումների միջոցով:

Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված է միայն մեկ օրենքի նախագիծ, այնուամենայնիվ, կից ներկայացված օրենքի ընդունման հիմնավորման մեջ խոսվում է նաեւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման մասին:

Նախագծի վերաբերյալ կան այլ առաջարկություններ եւ դիտողություններ.

1.Նախագծի 1 հոդվածի վերնագրում «Կարգավորման» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Օրենքի» բառը:

Նախագծի հոդվածը խմբագրման կարիք ունի. իրավական երաշխիքներըտվյալ դեպքում ոչ թե «կարգավորվում են», այլ «սահմանվում»: Բացի դա, ստեղծագործական միությունների ստեղծումից, գործունեության իրականացումից եւ լուծարումից զատ դրանք կարող են նաեւ վերակազմավորվել: Ուստի, առաջարկում ենք այդ շարքը լրացնել նաեւ «վերակազմավորման» բառով:

2. Նախագծի 3 հոդվածում «Հասարակական կազմակերպությունների մասին»բառակապակցությունից հետո առաջարկվում է ավելացնել «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին, ինչպես նաեւ այլ օրենքներից» բառերը, իսկ նույն հոդվածի «սույն օրենքից» բառերից հետո ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «եւ այլ նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերից:

Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքում, ապա կիրառվում են այդ նորմերը:»:

3. Նախագծի 4 հոդվածի «Ստեղծագործական աշխատողի իրավական վիճակը» վերնագիրը մասամբ չի համապատասխանում բովանդակությանը, քանզի հոդվածի 1-ին մասում ստեղծագործական աշխատողը հավասարեցվում է հեղինակի հետ, որը «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն «ֆիզիկական անձ է, ում ստեղծագործական աշխատանքի արդյունքը ստեղծագործությունն է»: Սա նշանակում է, որ հեղինակը պետք է, որպես կանոն, իր գործունեության արդյունքում ունենա ստեղծագործություն: Իսկ ստեղծագործական աշխատողը կարող է այն չունենալ:

Բացի այդ, բաց է թողնված «հարակից իրավունքների իրավատերեր» հասկացությունը, որը սերտորեն առնչվում է ստեղծագործական գործունեության հետ:

Ուստի «ստեղծագործական աշխատող» հասկացությունում առկա է ներքին հակասություն:

4. Նախագծի 6 հոդվածի երկրորդ մասի «լիազորված մարմինը» բառերն առաջարկվում է փոխարինել «ՀՀ պետական լիազոր մարմինը» բառերով:

5. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ խմբագրման կարիք ունի (ստացվում է, որ նշված կարգը ըստ նախագծի պետք է սահմանվի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` միասին եւ միաժամանակ): Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. ստեղծագործական աշխատողին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հատկացվել արվեստանոց, աշխատասենյակ կամ այլ շինություն (տարածք) ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու պայմանով եւ սահմանված ժամկետներում»:

6. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասը հստակեցման կարիք ունի: Օրինակ` ի՞նչ է ենթադրում «օգտվել …, թանգարանների, …, ցուցահանդեսների եւ այլ մշակութային կազմակերպությունների բաց ֆոնդերից» արտահայտությունը: Նախ անհրաժեշտ է տարանջատել պետական, տեղական, մասնավոր ֆոնդերը եւ հետո նախատեսել փոխհատուցումները եւ դրանց աղբյուրները:

Առաջարկում ենք խմբագրել, քանի որ կիրարկման դեպքում կարող է առաջացնել հակասություններ:

7. Նախագծի 13 հոդվածի 1-ին մասը չի պարունակում դրույթ անչափահասների մասին, որոնք կարող են լինել ստեղծագործական աշխատողներ: Առաջարկում ենք լրացնել այս բացթողումը:

Հոդվածի 2-րդ մասում «կանոնադրական պահանջներով» բառերը հարկավոր է փոխարինել «կանոնադրությամբ» բառով, իսկ մասի երկրորդ նախադասությունն անհրաժեշտ է հանել հոդվածի շարադրանքից, քանի որ ս տեղծագործական միության անդամի հեղինակային, գույքային եւ այլ իրավունքները չեն կարող նպատակաուղղված լինեն ստեղծագործական համապատասխան մասնագիտությունների ներկայացուցիչների միավորմանը եւ խթան են նրանց մասնագիտական ու ստեղծագործական զարգացումը, քանի որ դրանք, պարզապես, հանդիսանում են անձի կամ անձանց սեփականություն եւ չեն կարող առանց վերջիններիս համաձայնության օգտագործվել այլ անձանց կողմից:

Այսպիսով նշված հոդվածը միաժամանակ հակասում է մի քանի օրենքների նորմերի, ինչի կապակցությամբ առաջարկում ենք խմբագրել:

8. Նախագծի 14 հոդվածի 4-րդ մասի «բաժանմունքներ» բառը պարզաբանման կարիք ունի, նման տերմինը բացակայում է ՀՀ քաղ. օրենսգրքում:

Նույն մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերից հետո գրված «եւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «եւ (կամ)» բառով` տվյալ մասով նախատեսված իրավասությունից օգտվելու հնարավորությունը իրատեսական դարձնելու նպատակով (այլապես, ըստ տեքստի, տվյալ իրավասությունից ստեղծագործական միությունները կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ այդ իրավասությունը ամրագրված կլինի միջազգային որեւէ պայմանագրով):

9. Նախագծի 15 հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է փոխարինել «Ստեղծագործական միության հիմնադրումը» բառերով:

Հոդվածի համարակալումն սխալ է, առաջարկում ենք ուղղել:

10. Նախագծի 16 հոդվածի 2-րդ մասը (մասնավորապես` առաջին փակագծերում գրված թվարկումները) անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսդրական տեխնիկայի կանոններին` ձերբազատվելով «եւ այլն» անորոշ արտահայտություններից:

Նույն հոդվածի 8-րդ մասից առաջարկում ենք հանել «` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի/մարմիններից մեկի/» բառերը, քանի որ ՀՀ քաղ. օր-ի 59 եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածները հստակ սահմանում են 8-րդ մասում նշված նորմը:

11. Նախագծի 17 հոդվածի 1-ին մասի «ը» կետի 2-րդ ենթակետի շարադրանքից անհրաժեշտ է հանել «եւ դուրս գրելու» բառերը, քանի որ ՀՀ քաղ օր.-ը գույքը օտարելու նման միջոց ուղղակի չի սահմանել:

12. Նախագծի 22 հոդվածի 5-րդ մասում «տեղի է ունենում» բառերն առաջարկում ենք փոխարինել «անցկացվում է» բառով:

13. Նախագծի 26 հոդվածում «Պետական» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կառավարման» բառը:

Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել Նախագծի 27 հոդվածի վերանագրում եւ 2-րդ մասում ու 29 հոդվածի 1-ին մասում:

14. Նախագծի 5-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք շարադրել հետեւյալ ձեւով.

«Ստեղծագործական միությունների գույքը», քանի որ գլխի հետագա շարադրանքը վկայում է դրա մասին:

Նույն գլխի շարադրանքից առաջարկում ենք հանել 30 հոդվածը, քանի որ բովանդակային առումով այն չի համապատասխանում գլխի վերանգրին:

15. Նախագծի 28 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գույք» եւ «գույքի» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «եւ այլ» բառերը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Վ. Էլոյան