ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (Կ-832-30.03.2006-010/0 փաստաթղթային կոդով) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչություւնում:

Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին, մասնավորապես ներկայացված է տեղեկանք Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, սակայն Նախագծի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում:

Նախագծի վերաբերյալ ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջներով: Եվ իրականում, վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն. «Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի համապատասխան որոշման հիման վրա»:

Սակայն նախագծի վերլուծությունից պարզ է դառնում, որ առանձին օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, այլ` կարելի է համապատասխան փոփոխություններ կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, Նախագիծը բաղկացած է 4 գլխից, որից I գլխում ամրագրված են ընդհանուր դրույթներ, որոնք որեւէ իրավական նորմ չեն սահմանում, II գլուխը վերաբերում է գործունեության այն տեսակներին, որոնք ենթակա չեն կասեցման, (ընդ որում այդ գլխում ամրագրված դրույթները հակասում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքին, ինչի մասին կխոսվի ստորեւ), III գլուխը վերաբերվում է գործունեության կասեցման հիմքերին, որոնք նույնպես սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով, գործունեության կասեցման որոշման ընդունմանը եւ կասեցման վերացմանը: Նախագծի IV գլուխը վերաբերվում է օրենքն ուժի մեջ մտնելուն: Այսպիսով, միայն Նախագծի 6 հոդվածի 2-8-րդ մասերը եւ 7-8 հոդվածներն են սահմանում նոր իրավական նորմեր, իսկ այդ նորմերը հեշտությամբ կարելի է ամրագրել նաեւ«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով:

2. Նախագծի 1 հոդվածի համաձայն. «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, գրանցման եւ /կամ/ շահագործման կանոնների խախտման դեպքերում՝   առեւտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեության կասեցման հիմքերը,  կարգը … . »: Նշենք, որ գործունեության կասեցման հիմքերը եւ կարգը օրենքով ոչ թե կարող են կարգավորվել, այլ` սահմանվել: Միաժամանակ, սույն Նախագծով գործունեության կասեցման հիմքերը ո՛չ կարգավորվում են, ո՛չ էլ` սահմանվում: Դրանք արդեն իսկ սահմանված են«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածով:

3. Նախագծի 5 հոդվածի համաձայն. «Սույն օրենքին համապատասխան կասեցման ենթակա չեն հիվանդանոցների եւ ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բուժօգնության եւ բուժսպասարկման ծառայությունների մատուցում:»: Սույն հոդվածը հակասում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածին, քանի որ վերջինումս որեւէ բացառություն հիվանդանոցների եւ ամբուլատոր բուժհիմնարկների մասով նախատեսված չէ: Ընդունելով, իհարկե, հիվանդանոցների եւ ամբուլատոր բուժհիմնարկների գործունեության կասեցման անթույլատրելիությունը, առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում:

4. Նախագծի 6 հոդվածի5-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել թե ի՞նչ է նշանակում «նրա մոտ մուտքագրվելու հաջորդ օրվան» բառակապակցությունը: Նույն հոդվածի 6-րդ մասում «8» թիվն անհրաժեշտ է փոխարինել «7» թվով, քանի որ գործունեության կասեցման օբյեկտում գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը սահմանվել է 7-րդ մասով :

Նույն հոդվածում անհրաժեշտ է նաեւ հստակեցնել «իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն» հասկացությունները, եւ դրանք տարանաջատել ոչ առեւտրային գործունեությունից: Մեր կարծիքով, գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման սուբյեկտն առանց լիազոր մարմնի թույլտվության պետք է իրավունք ունենա կատարելու այնպիսի գործողություններ, որոնք առեւտրային նպատակ չեն հետապնդում եւ նպատակաուղղված են միայն օբյեկտի պահպանմանը, սանիտարահիգիենիկ վիճակի պահպանմանը եւ այլն:

5. Նախագծի 7 հոդված 2-րդ մասի համաձայն. «2. Եթե գործունեության կասեցման ժամկետը սահմանվել է մինչեւ կասեցման համար խախտման հիմքի վերացումը, ապա կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման սուբյեկտի կողմից խախտման հիմքերը վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերը) լիազորված մարմին մուտքագրելու օրվանը հաջորդող երրորդ օրը, եթե այդ ընթացքում լիազորված մարմինն այլ որոշում չի կայացնում կամ ավելի կարճ ժամկետ չի սահմանում»: Կարծում ենք, որ եթե գործունեության կասեցման ժամկետը սահմանվել է մինչեւ կասեցման համար խախտման հիմքի վերացումը, այսինքն` մինչեւ հսկիչ դրամարկղային մեքենաների տեղադրումը, ապա կասեցման սուբյեկտը պետք է իրավունք ունենա գործունեությունը սկսել հայտարարությունը լիազոր մարմին մուտքագրելու հաջորդող օրվանից:

Միաժամանակ, պարզ չէ, թե արդյոք ի՞նչ է նշանակում «եթե այդ ընթացքում լիազորված մարմինը այլ որոշում չի կայացնում» բառակապակցությունը: Արդյո՞ք լիազորված մարմինն իրավունք ունի չթույլատրել գործունեությունը վերսկսել կամ կարող է թույլատրել գործունեությունը վերսկսել եռօրյա ժամկետից ավելի ուշ ժամկետում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Գործունեության կասեցման սուբյեկտների գործունեության կասեցման ավարտի մասին որոշումն ընդունում է լիազորված մարմնի ղեկավարը»: Գտնում ենք, որ լիազոր մարմնի ղեկավարը գործունեության կասեցման սուբյեկտների գործունեության կասեցման մասին որոշում պետք է ընդունի միայն այն դեպքում, երբ գործունեությունը կասեցվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով կասեցման դեպքում, այսինք` հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նույնխախտումը կրկնելու դեպքում:

Մինչդեռ, նույն հոդվածի 2-րդ մասի2-րդ եւ 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում օրենքով արդեն իսկ սահմանված է կասեցման ժամկետը: Բնական է, որ կասեցման ժամկետի ավարտին հաջորդող առաջին իսկ օրը կասեցման սուբյեկտը կարող է վերսկսել իր գործունեությունը եւ դրա համար լիազորված մարմնի ղեկավարի որոշում պետք չէ:

6. Օրենքով կարգավորված չէ, թե գործունեության կասեցման ավարտից հետո մինչ այդ կնքված (կապարակնքված դրոշմված) օբյեկտի տարածքի մուտքը կամ տարածք ովքե՞ր եւ ի՞նչ կարգով կարող են մուտք գործել: Արդյո՞ք այդ կնիքները կարող են պոկվել գործունեության կասեցման սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից, թե անհրաժեշտ է նաեւ լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ներկայությունը:

7. Նախագծի 8 հոդվածը սահմանում է պատասխանատվություն օրենքի պահանջների խախտման համար: Առաջարկում ենք հոդվածի վերնագրում «պատասխանատվությունը» բառից հետո ավելացնել «սույն» բառը:

Միաժամանակ նշված հոդվածը որեւէ կերպ չի առնչվում նախագծի 3 գլխի վերնագրի հետ, թեեւ ընդգրկված է վերջինումս: Հետեւաբար, առաջարկում ենք կամ 3 գլխի վերնագրում կատարել համապատասխան փոփոխություն կամ սույն հոդվածը շարադրել առանձին հոդվածի տեսքով:

8. Նախագծի 9 հոդվածի վերնագիրը առաջարկում ենք շարադրել «Սույն օրենքի ուժի մեջ մտնելը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս.Յուզբաշյան
Ա.Սարգսյան
Ս.Համբարձումյան