ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-937-31.08.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով նախատեսված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածը որոշակի հստակեցման կարիք ունի: Ներկայացված ձեւակերպումից պարզ չէ, թե սահմանված տուրքի չափը տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաղթերի ինչպիսի՞ քանակին է վերաբերում:

3. Հստակեցված չէ նաեւ այն հարցը, թե դրանք տրանսպորտային միջոցների սեփականատերերին ինչպիսի պայմաններով են տրամադրվելու (առավել եւս, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ):

4. Ելնելով Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջներից` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Պետական տուրքի մասին» Հայաստանի   Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) օրենքի 16-րդ հոդվածի 28-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» նախադասությունը խմբագրել հետեւյալ կերպ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 28-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ»:

Բացի այդ, Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների 1-ին պարբերություններից առաջարկում ենք հանել «Պետական տուրքի մասին» Հայաստանի   Հանրապետության» բառակապակցությունները, իսկ դրանց հաջորդող «օրենքի» բառերը շարադրել մեծատառերով:

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացվող աղյուսակներն առաջարկում ենք միմյանցից բաժանել «ա)» եւ «բ)» ենթակետերով` հանելով «եւ» կապը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Գ. Կիրակոսյան

Կ. Հարությունյան