Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-578-25.03.2009-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով: «Սպառնալը» եւ «գործադրելը» միմյանցից բաժանված են «կամ» բառով, ինչը նշանակում է երկու պայմաններից մեկի առկայությունը բավարար հիմք է հանդիսանում նորմի կիրառման համար /«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մաս/: Ուստի այս առումով առաջարկն անհասկանալի է, քանի որ դրույթը ոչ մի իմաստային փոփոխություն չի կրում:

Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածը լրացնել նոր` 6-րդ մասով. «Աձն ազատվում է սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, եթե նա դրանց մեջ ներգրավված է եղել որպես տուժող եւ աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը»: Տուժողը, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ, 114-րդ, 338-րդ, 339-րդ եւ 343-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն uտորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է»: Այսինքն` ըստ ներկայացված լրացման, ստացվում է, որ եթե տուժողը չաջակցի այդ հանցագործության բացահայտմանը, ապա նա որպես տուժող կենթարկվի քրեական պատասխանատվության: Այստեղ հարց է առաջանում, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով պետք է մեղադրվի տուժողը:

Առաջարկում ենք այս առաջարկը հանել ներկայացված օրենքի նախագծից:



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Կատարող` Մ. Հակոբյան