Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ(փաստաթղթային կոդ` Կ-671-17.07.2009-ԳԲ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաuտանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» /այսուհետ` Նախագիծ/ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն անհասկանալի է Նախագծին կից ներկայացված հիմնավորման բովանդակությունը: Եթե Նախագծով առաջարկվում է նվազեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափերը, ապա, ըստ հիմնավորման, կարծում ենք, դրանք, ընդհակառակը, պետք է բարձրացվեն: Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ փայտը, հատկապես անտառամերձ բնակավայրերում, սոցիալ-տնտեսական կարիք հոգալու միջոց է` միաժամանակ նշելով, որ այսօր արդեն հատվում են բարձրարժեք ծառեր որպես շինանյութ վաճառելու համար: Նշվում է, որ անտառահատման դեմ պայքարն, ընդհանուր առմամբ, թույլ է: Միաժամանակ մատնանշվում է «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի 30 սմ տրամագծով 1 հատ արժեքավոր կամ հազվագյուտ ծառի (կաղնի, հաճարենի, սոսի, գիհի եւ այլն) ապօրինի հատման դեպքում վնասի չափը կազմում է 22.500 ՀՀ դրամ, արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերում` Երեւան քաղաքում` 225.000 ՀՀ դրամ, այլ բնակավայրերում` 67.500 ՀՀ դրամ: Եվ, ըստ հիմնավորման, որպես ներկայացված պատճառաբանություն մեջբերենք մի հատված. «Երեւան քաղաքում բնակչության բնապահպանական իրազեկության, անտառկառավարման համակարգում տիրող իրավիճակի եւ ձեռնարկված միջոցառումների թափանցիկության արդյունքում ապօրինի ծառահատումների նկատմամբ առկա է որոշակի վերահսկողություն, մինչդեռ այլ անտառամասերում եւ բնակավայրերում վիճակը խոցելի է։ Նման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասի գործող խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում 30 սմ տրամագծով շուրջ 17 հատ արժեքավոր կամ հազվագյուտ եւ 40 հատ այլ տեսակի ծառի ապօրինի հատման դեպքում, իսկ այլ բնակավայրերում` շուրջ 5 հատ արժեքավոր կամ հազվագյուտ ծառի եւ շուրջ 13 հատ այլ տեսակի ծառի ապօրինի հատման դեպքում։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նման քանակի ապօրինի ծառահատումներ կատարելու համար որպես պատիժ նախատեսված է 500.000-700.000 ՀՀ դրամի չափով տուգանք եւ մինչեւ 2 ամիս ժամկետով կալանք, այսինքն` 700.000 ՀՀ դրամի վնաս պատճառած անձը կարող է տուգանվել ընդամենը 500.000 ՀՀ դրամի չափով, որպիսի պայմանններում ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացման հավանականությունը փոքր է»: Այս պարագայում, կարծում ենք, որ փոփոխություն պետք է կատարվի ոչ թե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, այլ պետք է փոփոխվեն «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով սահմանված սակագները, որպեսզի հեղինակի կողմից մատնանշված համամասնությունը կարգավորվի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Մ. Հակոբյան

Ս. Համբարձումյան