ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման
մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու
մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունկատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Օրենքների նախագծերի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքի նախագծի`

ա) 1 հոդվածի վերնագիրը անհրաժեշտ է համապատասխանեցնել նրա բովանդակությանը, մասնավորապես` նրա 2 մասում շարադրված է օրենքի նպատակը, մինչդեռ վերնագրում նպատակի մասին նշում չկա:

Նույն հոդվածի 1 մասում նշված «մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն» ուղղված իրավական մեխանիզմներ ու ձեւեր սահմանված չեն:

բ) 2 հոդվածի 2 մասումառաջին «նախատեսված են» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «սահմանված են» արտահայտությամբ, որպեսզի ձեւակերպումը համահունչ լինի ՀՀ սահմանադրության 6 հոդվածի 5 մասի ձեւակերպմանը:

գ) 3 հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել մի շարք հասկացությունների բովանդակությունը, մասնավորապես` «մշակութային ժառանգություն», «զանգվածային արտադրության առարկաներ», «մշակութային նշանակության առարկաներ», «մշակութային արժեքների պահպանական ցուցակ»: Սույն հոդվածում նշվել են նաեւ «համարանիշային (սերիական) արտադրության առարկաներ» եւ «զանգվածային արտադրության առարկաներ» հասկացությունները, որոնք նախագծի տեքստում չեն օգտագործվել: Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 2-րդ մասի դրույթին, ըստ որի. « Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է»:

Նույն հոդվածի համաձայն` մշակութային արժեքների պահպանական ցուցակում մշակութային արժեքները կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ: Պարզ չէ մշակութային արժեքի գրանցման ենթակա լինելու հանգամանքը այն դեպքում, եթե սեփականատերը չի դիմել իրեն պատկանող մշակութային արժեքը պահպանական ցուցակում ընդգրկելու խնդրանքով: Միաժամանակ գտնում ենք, որ նշված հոդվածում պետք է ամրագրվի դրույթ, որի համար տվյալ մասի գործողությունը չի տարածվում ժամանակավոր արտահանման եւ ներկրման դեպքերի վրա:

դ) 4 հոդվածում սահմանվում են մշակութային արժեքների տեսակները, այնինչ անհրաժեշտ է սահմանել մշակութային արժեքների կատեգորիաները, ինչը համահունչ է Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ նրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման արգելման եւ կանխարգելման մասին կոնվենցիայի (Փարիզ, 1970թ.) 1 հոդվածին, ինչպես նաեւ Հափշտակված կամ ապօրինի արտահանված մշակութային արժեքների վերադարձման մասին 1995թ. կոնվենցիայի հավելվածին:

Նույն հոդվածի 1-ին կետի է) ենթակետում օգտագործված «մասունքներ» բառն անհրաժեշտ է մեկնաբանել նախագծի 3 հոդվածում կամ հստակեցնել կամ հանել տեքստից:

ե) 5 հոդվածի 2 մասն անհրաժեշտ է շարադրել առանձին հոդվածի ձեւով, քանի որ այդ մասի բովանդակությունը համահունչ չէ5 հոդվածի վերնագրին: Բացի այդ, իրատեսական չէ նաեւ 2 մասում նշված մեկամսյա ժամկետը:

Նույն հոդվածի 3 մասում «բացառությամբ ժամանակավոր արտահանման դեպքերի» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի», ընդ որում, օրենքում անհրաժեշտ է սահմանել նաեւ այդ դեպքերը:

զ) 7 հոդվածի 1 մասի 1) կետը հակասում է 5 հոդվածի 2 մասին:

է) 8 հոդվածի 1 մասի 2), 7), 9) կետերը կրում են հռչակագրային բնույթ, բացակայում են դրանց իրականացման մեխանիզմները : Խմբագրման կարիք ունեն 8)եւ 11)կետերը:

ը) 9 հոդվածի 1 մասը հակասում էՄշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ նրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման արգելման եւ կանխարգելման մասին կոնվենցիայի 6 հոդվածին, որն արգելում է մշակութային արժեքների արտահանումն առանց համապատասխան վկայագրի:

թ) 10 հոդվածի 1 մասում պարզ չէ մեխանիզմն այն մասին, թե որ արժեքներն են պարզեցված կարգով արտահանվում` ըստ 9 հոդվածի 1 մասի, եւ որոնք են ենթարկվում պարտադիր փորձաքննության:

Նույն հոդվածի «1-ին մասի 1-ին կետով» բառերը պետք է փոխարինել «1-ին մասով» բառերով:

ժ) 11 հոդվածի 1 մասի 4) կետը հակասում էՄշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ նրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման արգելման եւ կանխարգելման մասին կոնվենցիայի 6 հոդվածին:

լի)11 հոդվածի 3 մասը հակասում է 9 հոդվածի 1 մասին:

Նույն հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումներից որեւէ մեկն ընդունվում եւ հայտատուին գրավոր պատասխանվում է հայտը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում»:

լ) 13 հոդվածի2 մասը հակասում է 8 հոդվածի 1 մասի 3) կետին:

Նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն պետական թանգարանների, արխիվների, գրադարանների, պետական այլ պահոցների կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակով տվյալ կազմակերպության ներկայացված հայտին պետք է կցվի նախագծի 13 հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորված պետական մարմնի որոշման պատճեն: Պետք է նշել, որ հայտատու կազմակերպությունը, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ժամակավոր արտահանման հայտով դիմում է դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար լիազորված պետական մարմնին, որն էլ կայացնում է նշված որոշումը: Պարզ չէ, թե ինչպես կարող է հայտատու կազմակերպությունը լիազորված մարմնին ներկայացնել այն որոշման պատճեն, որը վերջինս պետք է դեռ նոր ընդունի:

խ) 14 հոդվածի 1 մասի 3) կետում անհասկանալի է պետական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքն արգելանքի տակ դնելու գաղափարը:

ծ) 14 հոդվածի 2 մասում նախատեսված նույնականացման կարգի փոխարենճիշտ կլիներ սահմանել փորձաքննության իրականացման կարգ:

կ) 16 հոդվածի 1-ին մասի 2-րդ տողից անհրաժեշտ է հանել «ընդհանուր» բառը:

Նույն հոդվածի 3 մասն անհրաժեշտ է հանել:

հ) Նախագծի վերաբերյալ առկա են նաեւ որոշ հայեցակարգային նկատառումներ: Մասնավորապես.

-Սույն օրենքի գործողությունը պետք է տարածել մշակութային արժեքների, այլ ոչ թե մշակութային նշանակության առարկաների վրա:

- Նման իրավական կարգավորման պարագայում կարող է տեղի ունենալ մշակութային արժեքների ապօրինի շրջանառություն:

- Անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ մշակութային արժեքների առեւտրի կանոնակարգման վերաբերյալ, ինչը նախատեսված է համապատասխան միջազգային պայմանագրերով (օրինակ` Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ նրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման արգելման եւ կանխարգելման մասին կոնվենցիայի 5 հոդվածի 1 մասի e) կետ):

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկությունը.

- անհրաժեշտ է ոչ թե հաստատագրել պետական տուրքի չափը, այլ նվազեցնել, իսկ մինչեւ 50 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների դեպքում` ամբողջովին հանել:

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նշված չէ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը:

4. «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա.Սարգսյան
Մ.Սողոմոնյան
Հ.Իսրաելյան
Ա.Իոսիֆյան