ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի պետական տեսչության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աշխատանքի պետական տեսչության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերը:

Օրենքների նախագծերիհետ մեկտեղ ներկայացվել է տեղեկանք այն մասին, որ հիշյալ օրենքների նախագծերի փաթեթիընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Իրականում պարզվել է, որ օրենքի նախագիծ ներկայացված բովանդակությամբ ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում, որին հակասում են օրենքի նախագծի առանձին դրույթները:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ կամ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի նախագիծը իր բովանդակությամբ պետք է համապատասխանեցվի հիշյալ օրենքին, կամ էլ այն չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նշված հակասությունները արծարծվել են սույն եզրակացությունում:

Հայեցակարգային բնույթի դիտողություններ

1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) առաջին հոդվածում եւ Նախագծի ամբողջ տեքստում օգտագործվում է«վերահսկողու՟թյուն» հասկացությունը:

Իրավունքի տեսությունից հայտնի է, որ «վերահսկողություն» բառն օգտագործվում է որպես ներքին հսկողության տարատեսակ, այսինքն` այնպիսի հսկողություն, որն իրականացվում է տվյալ համակարգի մարմինների գործառույթների նկատմամբ վերադասի կողմից: Հսկողությունը լայն իմաստով նշանակում է տվյալ համակարգի շրջանակից դուրս իրականացվող գործառույթ, որի նպատակն է պարզել այլ գերատեսչություններում օրենսդրության կատարման վիճակը: Օրինակ, դատախազական հսկողությունը, սանիտարա-համաճարակային հսկողությունը ենթադրում են ոչ թե ներքին համակարգային ստուգումներ, այլ համակարգից դուրս գտնվող իրավունքի օբյեկտների նկատմամբ համապատասխան գործառույթներ իրականացնելու եւ իրավասության ամբողջականություն: Այդ իմաստով եւ, ելնելով օրենքի նախագծի բովանդակությունից, գտնում ենք , որՆախագծիամբողջ տեքստում «վերահսկողություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «հսկողություն» բառով:

2. Նախագծի 21 հոդվածում, որպես ստուգման տեսակ, նշված է «ըստ անհրաժեշտության ստուգումը», որի իրականացման հիմքերը տրված է նախագծի 23 հոդվածում: Դա հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` ստուգումները կարող են լինել թեմատիկ եւ համալիր: Ընդ որում, նշենք որ վերոհիշյալ հոդվածի 6-րդ մասում թվարկված են այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում այդ օրենքով եւ այդ հարաբերությունների մեջ նշված չէ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումները: Հետեւաբար,աշխատանքի պետականտեսչության կողմից իրականացվող ստուգումները նույնպես կարգավորվում են վերոհիշյալ օրենքով, որում «ըստ անհրաժեշտության ստուգում» հասկացությունը եւ դրա իրականացման հիմքերը բացակայում են: Միաժամանակ գտնում ենք, որ օրենքի նախագծի 23 հոդվածի 2-րդ մասում ներառված դրույթն իրականում իրենից ներկայացնում է այնպիսի պայման, որի ծագման դեպքում ստուգումների իրականացումն անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀօրենքին չհակասող մեխանիզմ ամրագրել, կամ համապատասխան փոփոխություն կատարել վերոհիշյալ օրենքում:

Այլ դիտողություններ եւ առաջարկություններ

1.Նախագծի 4 հոդվածում առաջարկում ենք տալ «աշխատանքի պետական տեսչություն» եւ «աշխատանքի պետական տեսուչ» հասկացություննների սահմանումը:

2. Նախագծի 10-րդ հոդվածի

ա/ 10 մասում «աշխատավարձի օրենքով» բառակապակցությունը անհրաժեշտ է փոխարինել «Աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառակապակցությամբ:

բ/ 14 մասում «եւ օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակագումարների ժամանակին վճարման նկատմամբ» բառակապակցությունը կրկնում է նույն հոդվածի 11 մասում ամրագրված դրույթի իմաստը եւ հետեւաբար ավելորդ է :

գ/ 16 մասում «օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հայցով դիմում է դատարան» բառակապակցությունը կրկնում է նույն հոդվածի 20 մասում ամրագրված դրույթի իմաստը եւ հետեւաբար ավելորդ է :

3. Նախագծի 14 հոդվածի 7-րդ մասը շարահյուսական առումով որեւէ կապ չունի հոդվածի սկզբի հետ եւ բացի այդ կրկնում է 18 հոդվածի 3 եւ 25 հոդվածի 4-րդ մասերում ամրագրված դրույթների իմաստը եւ հետեւաբար ավելորդ է:

4. նախագծի 15 հոդվածում «վկայականի» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ ստուգման հանձնարարագրի» բառակապացությունը, այլապես կստացվի, որ աշխատանքի պետական տեսուչը առանց ստուգման հանձնարարագրի էլ կարող է մուտք գործել գործատոի մոտ:

5. Նախագծի 15 հոդվածի առաջին մասի 9 կետումօգտագործված «արտադրական» բառը անհրաժեշտ է փոխարինել «նրանց առանձին ստորաբաժանումների» բառակապակցությամբ, քանի որ աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ կարող է սպառնալ ոչ միայն արտադրական ստորաբաժանումներում:

6. Նախագծի 16 հոդվածի 2-րդ մասում օգտագործված «օրենսդրությամբ» բառը անհրաժեշտ է փոխարինել «օրենքներով» բառով:

7. Նախագծի 19 հոդվածի 2-րդ մասում օգտագործված «կետով» բառը անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասատանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5 հոդվածում օգտագործվում են «հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմնիններին» եւ«հարկային կամպարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմնիններին» բառակապացությունները, մինչդեռ 2005 թվականի հունվարի մեկից նշված գործառույթները իրականացնում է մեկ մարմին ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն :

Միաժամանակ նշենք, որ նույն հոդվածի 4 մասում պետական մարմնինների, տեղական ինքնակառավարման մարմնինների պաշտոնատար անձանց կողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի` օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառման, քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ եւ հատուցում նշանակելու կամ վճարելու համար նախատեսված է երկու սանկցիա, ընդ որում երկու դեպքում էլ տուգանքը սահմանված է նույն գումարի տեսքով, մինչդեռ մեկ տարվա ընթացում նույն խախտումըկրկնելը պետք է ենթադրի պատասխանատվության խստացում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Սարգսյան
Մ.Գեղամյան